Չդառնա՛նք մաքսավորների ու փարիսեցիների հանցակիցները

Posted on July. 26. 2019

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ մեր մտորումները, անհանգստությունը չի վերջակետվում, որովհետեւ այն երկար ժամանակ լուծում չի ստանում:
Սուրբ Էջմիածին, Մայր Աթոռ, վեղարավոր հոգեւորականներ, Աստծո ծառաներ, պատարագներ ու ժամերգություններ, ծիսակատարություններ, Տաղավար տոներ, վառվող մոմեր, խնկարկումներ… Այս ամենն այդ տաճարում արվում է, սակայն սրանք արտաքին արարողություններ, ի պաշտոնե կատարվող ծառայություններ են, որոնց խորքում չկա այն Մեծ Լույսը, որի ետեւից պետք է գնա հավատավոր հայը…
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Մայր եկեղեցին այդպես անվանարկվեց, սկսեց իրենից հեռացնել հավատացյալների մեծ մասին… Ո՞վ եւ ե՞րբ պետք է պատասխան տա այդ ազգադավության համար. այո՛, այո՝ ազգադավություն է նաեւ մարդուն իր հավատքից, Սուրբ տաճարից հիասթափեցնելը, հեռացնելը, ազգադավություն է Սրբության տաճարը անմաքուր խղճով, վարքուբարքով եղծելը… Այստեղ են ասել՝ «Դե ե՛կ, Վարդապե՛տ, մի՛ խելագարվիր:
Մարդը չի կարող հավատալ Աստծո այն սպասավորին, ով օրեցօր, տարեցտարի հարստացել է, ձեռք բերել շարժական եւ անշարժ թանկարժեք գույքի տեսականի, դարձել գործարար, տիրապետել հողատարածքների, ապրել աշխարհիկ կյանքով, կաշառվել, գումարներ յուրացրել եւ այլասերվածություն տարածել: Հոգեւոր Հովիվը, Հայրը պետք է օրինակ լինի իր հոտի համար՝ անբասիր, վերերկրային էությամբ, սակայն… Ցավո՛տ է, բայց այսօր հավատավոր ժողովուրդը չունի նման արժանավոր հոգեւոր այր…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Երազում տեսած Հիսուսի իջման վայր, Լուսավորչի եւ Տրդատ Գ թագավորի կողմից 303թ. կառուցված Աստծո Տուն, հոյակերտ մի շինություն, որտեղ գտնվում են հայոց պատմության, գրականության եւ արվեստի բացառիկ արժեքներ, հոգեւոր եւ աշխարհիկ թանկարժեք գանձեր, եկեղեցուն նվիրաբերված մշակութային արժեքներ, որոնց պահպանության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծ պատասխանատվություն է կրում… Իսկ պահպանվո՞ւմ է արդյոք այս ամենն այդպես սրբորեն: Եկեղեցու կարիքների համար ստացվող գումարները, նվիրատվություններն արդյո՞ք ամբողջությամբ, լիարժեքորեն ծառայում են բուն նպատակին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 2000թ. ընդգրկված Էջմիածնի տաճարն ու շրջակայքի որոշ կարեւոր վաղ միջնադարյան եկեղեցիները մեր հպարտությունն են, ազգային մեծ արժեքները, որոնք պետք է պահպանվեն ոչ միայն իբրեւ կառույց, այլեւ դրանց պատերից ներս պետք տիրի համակ մաքրություն՝ այնտեղ ծառայող բոլոր վանականների, հոգեւոր այրերի սրտում, վար-քուբարքում, այլապես եկեղեցին, Մայր Աթոռը կդառնա ընդամենը թանգարան:
Վաղուց արդեն ժամանակն է ձերբազատվել առեւտուր անող, փող լվացող, հարստություն դիզող, այլասերվածության մեջ թաթախված, կոռումպացված Հոգեւոր Հովվից ու նման սպասավորներից՝ վերականգնելու ժողովրդի փշրված հավատը: Ու չլինի այնպես, որ միշտ ստիպված լինենք կրկնել հանճարեղ Սեւակի խոսքերը՝

«Արդեն 10 տարի, 110 տարի
1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:

Աստծո տաճարում վառած մոմերը, խնկարկված բազում աղոթքները, պատարագները չպետք է հնչեն պղծված սրտերից ու պղծված հոգուց, պիղծ շուրթերից: Պետք է վերականգնել սպանված հավատը, պետք է ապաքինել, Աստծո անեղծ Սիրով ու Լույսով բուժել եկեղեցուց երես թեքած հայ մարդու հոգին:
Ոճի՛ր է մարդուն եկեղեցուց, հավատքից հիասթափեցնելը, իսկ ոճրագործներն անպաման պետք է պատասխան տան. այս դեպքում լռությունը հանցակից լինելու նշան է:
Չդառնա՛նք մաքսավորների ու փարիսեցիների հանցակիցները:
Շահե Ասմարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *