Posted on September. 20. 2019
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջողները Sputnik Արմենիային պատմել են հոգևոր իշխանությունում տիրող բարքերի մասին։ Կաթողիկոսի համագյուղացի եպիսկոպոսը դրանք «անառողջ մոտիվացիներ» է համարում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն 5 օր է, ինչ բողոքի ակցիաներ է անցկացնում և պահանջում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, ինչն ինքնանպատակ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Յազիչյանը` նշելով, որ իրենց պահանջն ուղղված է եկեղեցու բարեկարգմանը, քանի որ 18.5 տարվա գործունեությամբ Գարեգին Բ-ն, նրա խոսքով, ապացուցել է, որ իրենից անիմաստ է բարեկարգում ակնկալել։
«Եկեղեցիներ կառուցելը բարեկարգում չէ, մարդկանց հոգիները պետք է բարեկարգել, և առաջինը իրենք պետք է բարեկարգվեն։ Մենք տեսնում ենք, որ այսօր բարձրաստիճան հոգևորական դասի բազմաթիվ ներկայացուցիչներ մեղադրվում են` և փաստարկված, անբարոյականության, բազմակնության, բիզնեսի մեջ ընդգրկվածության և այլ բաների համար։ Մենք ուզում ենք, որ այսպիսի երևույթներ չլինեն»,- ասաց Յազիչյանը։
Մեր զրուցակիցը համեմատություն է անում Հայաստանի աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև`նշելով, որ ինչպես Սերժ Սարգսյանն աշխարհիկ օլիգարխիկ բուրգի գագաթն էր, այնպես էլ կաթողիկոսը` հոգևոր ոլորտի։
© SPUTNIKՑուցարարները չեն դադարում պահանջել կաթողիկոսի հրաժարականը. բողոքի երթ Երևանում
«Բացի այդ, Մայր Աթոռի 49 եպիսկոպոսներից 6-ը կաթողիկոսի հայրենի գյուղից են` ինքը` որպես եպիսկոպոսապետ, եղբայրը` Եզրասը` Ռուսաստանի թեմի առաջնորդ, Արշակ սրբազանը` որպես դիվանապետ, Հովակիմ սրբազանը` որպես Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ, քրոջ որդին` Մկրտիչը` որպես Արագածոտնի թեմի առաջնորդ, և Մուշեղ սրբազանը` որպես տնտեսական բաժանմունքի վարիչ։ Ի՞նչ է սա։ Ընտանեկան բիզնե՞ս է»,- ասաց Յազիչյանը։
Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանն էլ նշեց, որ կաթողիկոսի հրաժարականի իրենց պահանջը ձևավորվել է տարիների ընթացքում. բարձրացված հարցերով նամակներ Գարեգին Բ-ին ուղղել են 1999թ-ից ի վեր, բայց պատասխան չեն ստացել։
«Լավն է այն հայրապետը, որին նայելով անհավատները պիտի դարձի գան և ոչ թե հավատացյալները հավատը կորցնեն»,- ասում է Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է հունիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովին, որի մասնակիցները հայտարարություն էին ստորագրել` կաթողիկոսի հրաժարականի պահանջն անհիմն որակելով, նախաձեռնության անդամները նշում են, որ Հայ առաքելական եկեղեցու 100 եպիսկոպոսներից հայտարարությունը ստորագրել են միայն 16-ը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չընդունեց նախաձեռնության անդամների ներկայացրած փաստարկները` նշելով, որ հայտարարությունից բացի, եկեղեցու առանձին թեմերի առաջնորդներն իրենց դիրքորոշումներն առանձին են ներկայացրել։
«Վեհափառին հրաժարականի պահանջ ներկայացնելու իրավասություն ոչ ոք չունի։ Վեհափառն ինքն է որոշում` երբ ինչ քայլ է կատարում։ Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որն արտահայտում է հայ եկեղեցու հավատացյալ հոտի կամքը։ Մենք որևէ ձևով չենք կարող գնահատել, թե հրաժարական պահանջողները որքանով են հավատացյալ հոտի անդամ»,- ասաց Արշակ Եպիսկոպոսը։
Իսկ նախաձեռնության անդամները, նրա դիտարկմամբ, մարդկանց խումբ են, որոնց «մոտիվացիաներն առողջ չեն` դատելով իրենց միանշանակ և կտրական գնահատականներից ու պնդումներից»։
Իսկ այն, որ ինքը կաթողիկոսի համագյուղացին է, Արշակ Եպիսկոպոսը չի հերքում` նշելով. «Հավատացեք, որ համագյուղացի լինելը չէ, որ առաջնահերթ գործոն է դարձել ինձ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ նշանակելու համար։ Ես կարծում եմ, որ այդ հանգամանքը չափազանց պատասխանատու է, որպեսզի համագյուղացի, ծանոթ բարեկամ լինելով առաջնորդվեն։ Իհարկե, համագյուղացիությունը, ծանոթությունը որոշակի դերակատարություն ունենում է, բայց դա չէ որոշիչ գործոնը»։
Հիշեցնենք` հունիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը Երևանում բողոքի ակցիա էր կազմակերպել` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով։
Իսկ հունիսի 10-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցած ձեռնադրման արարողության ավարտին լեզվակռիվ և քաշքշոց էր տեղի ունեցել կաթողիկոսի կողմնակից և նրա դեմ պայքարող հոգևորականների և հավատացյալների միջև։
Read more: https://armeniasputnik.am/armenia/20180611/12588434/armenia-katoxikos-hrajarakan.html