Սլավիկ Գալստյան․ Մեդալս նվիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին

Posted on September. 20. 2019

Բրոնզե մեդալն ինձ համար իրական հաղթանակ է եւ այն նվիրում եմ սահմանին ծառայող բոլոր հայ զինվորներին։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը։

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանի «Բառիս Արենա» մարզապալատում տեղի ունեցավ 63 կգ քաշային կարգի մեդալակիրների պարգեւատրման արարողությունը։

Սլավիկքանի տարեկանից ես զբաղվում ըմբշամարտով եւ ինչո՞ւ ընտրեցիր հենց ըմբշամարտը որպես քեզ կյանքի ուղի։

6 տարեկանից եմ զբաղվում ըմբշամարտով։ Սկզբից մտադրություն չունեիր ըմբշամարտով շարունակել, ինչպես յուրաքանչյուր երեխա, ուղղակի հաճախում էի սպորտի։ Բայց հետագայում սկսեցի սիրել այս մարզաեւը։ Երեւի իմ ճակատագիրը հենց այս մարզաձեւն էր։

Ո՞վ է եղել առաջին մարզիչդ։

Առաջին ու մինչ օրս միակ մարզիչս Մարտին Ալիխանյանն է։ Նրա հետ եմ սկսել այս ճանապարհը եւ շատ շնորհակալ եմ նրան այս հաղթանակի համար։ Եթե նա չլիներ, հաստատ ես այս մեդալը չէի նվաճի։ Շնորհակալ եմ նաեւ հավաքականի մարզիչներին, որ կիսաեզրափակիչում տարած իմ պարտությունից հետո ուժ տվեցին եւ օգնեցին, որ այսօր այս մեդալը նվաճեմ։

Երեկ ինձ համար ցավալի էր, որ եզրափակիչի ուղեգիր չվերցրի։ Տրամադրությունս ընկել էր, բայց գիտակցում էի, որ եթե տրամարդությունս այդպես շարունակեմ ընկած պահել գուցե այս մեդալն էլ ձեռք չբերեի։

Ինչպե՞ս ստացվեց պարտությունից հետո նորից ուժ գտնել այսօր մեդալ նվաճել։

Եթե պրոֆեսիոնալ ես, պետք է կարողանաս հավատը քո մեջ հետ բերել։ Որքան էլ կողքից աջակցում են, օգնում, փորձում քեզ այդ վիճակից հանել, բայց եթե դու ինքդ քեզ չհանես պարտության ընկճվածությունից, ոչ ոք չի հանի։ Ես կարողացա ինձ հավաքել։

Բրոնզե մեդալը քեզ համար հաղթանա՞կ էթե՞ դու ավելին կարող էիր։

Այս պահին ինձ համար բրոնզե մեդալն իսկական հաղթանակ է։ Ես համարում եմ, որ այս առաջնությունում ես երրորդն էի։ Ճիշտ է, եկել էի ոսկե մեդալ նվաճելու, այդ նպատակն ունեի, բայց ընդունում եմ, որ ես այժմ դեռեւս երրորդն եմ աշխարհում։

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ։

Նվիրում եմ սահմանում ծառայող բոլոր հայ զինվորներին։

Պարգեւատրման արարողության ժամանակ ի՞նչ զգացողություններ ունեիր։

Առաջին անգամ էի մեծահասակներում աշխարհի առաջնության մեդալակիր դառնում եւ հետաքրքիր զգացողություններ ունեի։ Հայրենիք եմ վերադառնում նոր՝ հաջորդ տարի ոսկե մեդալ նվաճելու նպատակով։

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն Սլավիկ Գալստյանը Նուրսուլթանում սեպտեմբերի 15-ին նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ 63 կգ քաշային կարգում (ոչ օլիմպիական)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *