Վարչապետի եւ կաթողիկոսի լուրջ խոսակցություն

Posted on October. 5. 2019

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը նախօրեին լրագրողներին ասել էր, որ վարչապետի ԱՄՆ վերադարձից հետո ակնկալում է զրույց վարչապետ Փաշինյանի հետ, «որոշ հոգեւորականների ծնկի բերելու» մասին ԱՄՆ-ում նրա արած հայտարարությունը քննարկելու եւ իրավիճակը պարզելու համար:
Փաշինյանի այդ հայտարարությունը քարոզչական նկատառումներով մեկնաբանվեց իբրեւ «եկեղեցին ծնկի բերելու» հայտարարություն, թեեւ նույն խոսքում Փաշինյանը նշել էր, որ պետությունը չի միջամտում եկեղեցու կառավարմանը, միաժամանակ պատրաստ է ցուցաբերել եկեղեցու հզորացման գործում այն աջակցությունը, որը անհրաժեշտ կհամարի Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը:
Գործնականում Լոս Անջելեսում արված հայտարարության մեջ կարեւոր էր թերեւս այդ հատվածը, քանի որ վարչապետը խոսում էր Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության, մասնավորապես Կաթողիկոս Գարեգին Երկրորդի համար առանցքային մի խնդրի մասին: Խոսքը նախկին իշխող համակարգի տրամաբանության «ներդրվածությունն» է Հայ Առաքելականա եկեղեցու համակարգում: Հասկանալի պատճառներով եւ մոտիվներով լինելով նախկին համակարգի հետ սերտաճած կառույց, Հայ Առաքելական եկեղեցին իր վրա է կրում այդ համակարգին բնորոշ առանցքային երեւույթներից մեկը՝ «փակ բաժնետիրականության» սկզբունքը:
Ինչ է դա նշանակում՝ պայմանական ձեւակերպմամբ: Ինչպես իշխող համակարգը, անպես էլ ՀԱԵ-ն՝ միատարր չէին: Եվ համակարգի բաժանարար գծերը որոշակիորեն իրենց դրսեւորումն ունեին նաեւ ՀԱԵ կառավարման տիրույթում:
Օրինակ, այդ իմաստով հատկանշական էր ամենաաղմկոտ պատմություններից մեկը՝ Բենթլիի պատմությունը, կապված Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Սրբազանի հետ: Կաթողիկոս Գարեգին երկրորդը գրեթե «ցուցադրաբար» չմիջամտեց եկեղեցու երեւելի աստիճանավորներից մեկի շուրջ ծագած աղմուկին, այն չհամարելով «իրենը»:
Իրողությունը զարմանալի չէ: Հայ Առաքելական եկեղեցին եղել է Հայաստանում իշխած քրևեաօլիգարխիկ համակարգի «վերջին հանգրվաններից» մեկը, ըստ այդմ համակարգի ազդեցիկ բեւեռները ձգտել են ունենալ այդ հանգրվանի կառավարման կամ տնօրինման «մասնաբաժինը»:
Հետհեղափոխական իրավիճակում, երբ քրեաօլիգարխիկ համակարգը հեռացվել է իշխանության դիրքերից, եկեղեցական համակարգում դրա դրսեւորումները որոշակիորեն դառնում են արդեն «անկառավարելի», որովհետեւ նախկինում դրանք կառավարվել են ընդհանուր բուրգի, ոչ թե Կաթողիկոսի ուժով: Ըստ երեւույթին, հենց այդ հանգամանքով էր պայմանավորված նաեւ, որ իշխանության փոփոխությունը բերեց եկեղեցու շուրջ, նաեւ Կաթողիկոսի շուրջ իրադրության որոշակի լարման, ինչն էլ զուգահեռ բարդվում էր հեղափոխության «ապազգային նպատակների» վրա: Այդպիսով, փորձ էր արվում խթանել կոնֆլիկտ այդ երկու սուբյեկտների միջեւ:
Քաղաքական իշխանությանն ու եկեղեցու ղեկավարությանը հաջողվեց հարթել իրավիճակը, ստեղծվեց աշխատանքային խումբ՝ վարչապետի ու Կաթողիկոսի գլխավորությամբ, որը քննարկում է նոր իրավիճակում եկեղեցի-պետություն հարաբերությունը, ռազմավարական հեռանկարը: Գարեգին Երկրորդը նախօրեին լրագրողներին ասել է, որ իրենք պարբերաբար հանդիպում են, քննարկում հարցեր, դրանով իսկ կարծես վկայելով, որ իրականում առկա է հարաբերման կայունացված ձեւաչափ:
Բայց առավել եւս այդ համատեքստում իսկապես հետաքրքիր է, թե այդ դեպքում ի՞նչ «որոշ հոգեւորականների» մասին է խոսքը: Ի՞նչ տեղեկություն ունի վարչապետը եկեղեցում առկա կամ հնարավոր «որոշ տրամադրությունների» մասին, եւ արդյո՞ք այդտեղ նորություններ կան Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար:
Այդ համատեքստում, Լոս Անջելեսում վարչապետի հայտարարությունը գործնականում հայտարարություն է ՀԱԵ կառավարելիության հարցում Կաթողիկոսին աջակցության պատրաստակամության մասին, եւ Գարեգին Երկրորդի արձագանքն էլ գործնականում վկայում է առկա խնդրի մասին:
Ի դեպ, այդ համատեքստում թերեւս հետաքրքիր է նաեւ, որ վերջին շաբաթներին օտարալեզու մամուլում՝ մասնավորապես BBC ռուսական ծառայությունում հրապարակվել են աղմկոտ հոդվածներ ՀԱԵ ներքին խնդիրների վերաբերյալ, որոնց վերաբերյալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը հայտնել էր իր ափսոսանքը եւ գնահատականը, որ դրանք չեն արտացոլում եկեղեցական կյանքի իրականությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *