ԱՎՕ-ՄՈՆԹԷ՝ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Posted on June. 23. 2022

Գրեց՝ ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆ

Նոյեմբերի 25, 1957, ք.Վիսեյլիա ԱՄՆ- յունիս 12, 1993, Մարզիլի Արցախ
(Այս ակնարկը ինձ համար շատ թանկ է. 1991-ին ես անձամբ հանդիպել էի
Մոնթէ Մելքոնյանին մի ընկերական շրջապատում, իսկ 2000-ին այցելել Մարտունին եւ՝ հանդիպելով Մոնթէ Մելքոնյանին մօտիկից ճանաչողներին, կազմել էի նրա հազուադէպ մարդկային նկարագիրը:)
Լեռնային ի զուր չեն կոչում Ղարաբաղը: Արդէն Գորիսում լեռները քեզ իրենց գիրկն են առնում եւ բերում նորոգուած Լաչինի ճամբան: Գլխաւերեւում – արծիւն է սաւառնում, ոտքիդ տակ օձ է սողում: Եղանակըկարծես, ծովեզերքում լինես, աւելի ճիշդ, երկնաեզերքում: Ստորոտում սփռուած գիւղերը երկնքի եզեր- քից թափուած “գանձնոցներ” են: Մարդիկ այստեղ երկար են ապրում 80 տարեկանը դէռ ծնողներ ունի, եւ եթէ մէկը 75 տարեկանում մահանայ, կասեն – երիտասարդ մեռաւ: Ծառերըթութ, կեռաս, ընկոյզ, խաղող: Թթից ու խաղողից օ- ղի են քաշում, բայց ղարաբաղցին ինքը հազուադէպ է խմում թթի օղի ուժեղ է, ասում է, նախընտրելով պետական վոտքան: Այսպիսով, ծառերը քաղցր, հողն անուշ. եթէ մեռնես այս հողի համար, ապա անուշ մահով: Շատ երիտասարդներ գլուխները դրեցին այս հողի համար: Պէտք է արժանի լինել արեան գնով պաշտ-պանուած հողին:
-Մենք հաւասար ողբում էինք մեր նահատակներին եւ Հայաստանից եկածներին, հայաստանցիների համար նոյնիսկ աւելի, որովհետեւ հարազատնե-րը հեռու էին,-յիշում էր մի տարեց կին: Իսկ ամէնամեծ վիշտը եկաւ 1993-ի յունիսի 12-ին, երբ ընկերները բերեցին Մոնթէին, ասելով “Աւօն չկայ”:
Ղարաբաղի Մարտունու շրջանի ամէն կողմ Մոնթէի շնչով է օծուած:
“Մեր գիւղը 600 հոգի էինք, 30 զոհ տուեցինք, իմ տղէն էլ ընկաւ, ես դրանից յետոյ հիւանդացայ: Աւօյին որդուս պէս էի սիրում, այնպէս որ երկու զաւակ կոր-ցրի”,- պատմում է Ամարաս վանքի պահակը: “Եթէ Աւօն չլինէր, Ղարաբաղը չէինք վերցնի”,-աւելացնում է նա:
Աւօյի զօրախմբի հաշուապահը. “Նա մեզ սովորեցրեց ռիսկի: Վախ չունէր…Մոնթէն վտանգը հաշուարկում էր, ասում էր, ինձ թշնամու գնդակը չի խփի, այդ պատճառով էլ ժողովրդի մէջ տարածուած է այն կարծիքը, որ Աւօյին մերոնք են խփել”: Թէեւ մահափորձեր եղել են, բայց խօսելիս Մոնթէի մասին, չեմ ուզում ակնարկել նրանց մասին, ովքեր ԱՄՆ-ից եկած, Ֆրանսիական բանտում նստած հերոսի մէջ տեսնում էին մրցակից, չհասկանալով, որ Մոնթէն, մասնակցելով այս պայքարի մէջ, պաշտօն կամ որեւէ երախտագիտութիւն չէր ակնկալում, քանզի նա սովորական մարդ չէր, նրա նմանը չկար, աւելի ճիշդնա ոչ թէ մարդ էր, այլ լեգենդ. եկաւ, յաղթեց ու նահատակուեց, բայց եւ թողեց իր յետեւեից այն համոզմունքը, որ նորից կը գայ. “Ո՞վ գիտի, Վարդանի կամ Անդրանիկի հոգին էր իր մէջ մարմնաւորւած եւ նորից, եթէ պէտք լինի, իր հոգին կը ծնուի”,- մտածում էին նրա մասին: Պատերազմում մոռանում են գթութեան մասին, դաժանութիւն կիրառելով նոյնիսկ անմեղ կանանց ու մանուկների նկատմամբ, սակայն Մոնթէն թոյլ չէր տա- լիս գերիներին որեւէ վնաս պատճառել: “Մէկը մի նապաստակ էր խփել: Աւօն հարցնում է.”Ո՞վ է խփել”: “Ե›ս”: “Երկու ամսուայ աշխատավարձը կտրել”,- պատմում է Մոնթէի թանք նորոգողը: Մի իմաստուն չինացի գրել է, որ իսկական ռազ-միկը ռազմատենչ չէ, ով կռուել գիտի- դաժան չԷ: Ասես, որ Աւօյի նման մարդիկ վերցրին Ղարաբաղը, բայց Աւօյի նմանը, կրկնում եմ, չկար: Ուրեմն այսպիսի մարդ-հերոս բաւական է, որ տանի իր յետեւեից հազարներին: Արտաքին տեսքից Մոնթէ Մելքոնեանը հերոս չէր հասակ չունէր …Մոնթէն ասում էր, կարդալուց չէ, որ կը սովորես: Աւարտելով Կալիֆորնիայի Պըրքլի համալսարանի հին ասիական պատմութեան եւ հնագիտութեան բաժինները, նա պատրաստւում էր շարունակել ուսումը Օքսֆորտի համալսարանում, սակայն հենց այդ ժամանակ է, որ նրա մէջ արթնանում է ազգային ինքնագիտակցութիւնը եւ բերում ԱՍԱԼԱ: Հետեւում են ֆրանսիական բանտարկութեան տարիները, որոնց մասին նա պատմում էր հետեւեալը.”Դուք չկարծեք, որ դա Ֆրանսիա է եւ բանտում քեզ հետ վարւում են քաղաքակիրթ ձեւով: Բանտը քաղաքակրթութեան հետ կապ չունի”: 1991-ից Մոնթէն հաստատուեց Հայաստանում, երդուելով կե-անքը չխնայել Արցախի յաղթանակի համար:
Ղարաբաղի Մարտունու շրջանի ամէն քար գիտի Մոնթէ հրամանատարին եւ եթէ ժամանակը կանգ առաւ 1993-ի յունիսի 12-ին նրա ֆիզիկական կեանքի առումով, ապա այնտեղ, ուր Աւօն ներկայ էր գտնուել, նա չի բացակայի այլեւս երբեք: Ասում են, ահա այս քարի վրայ Մոնթէն նստեց, այս ծառի ետեւը թաքնուեց, չէ` ա›յս, վիճում է ծառը ծառի հետ…Իսկ այս ճամբի վրայ անձրեւից լիճ էր գոյացել եւ երբ Աւօն աւտոյով մօտեցաւ, ապա լսուեց, ինչպէս գորտի ձագերը լճից չորս կողմ ցատկոտեցին: Գիտե՞ք, թէ ինչ արեց Մոնթէն: Նա իջաւ ավտոյից եւ բռով ջուր լցրեց ձագերի վրայ:Ի՞նչ կլինէր Մոնթէի հետ, եթէ նրան չխփէին:

Նա կը մեկնէր: Աւօն ասում էր, որ նա կը մեկնի այնտեղ, ուր պայքար կայ, պաշտօնը նրան չէր հրապուրում:
Եւ Մարտունին թողեց Մոնթէին իր լեռների մէջ յաւիտեան:
Զայրոյթի ժամանակ “էշ” բառն էր օգտագործում: “Այս ի՟նչ եղաւ լոյսի հետ”: “Քա-
մի է”: “Է›շ, արտասահմանում քամի չի՟ լինում` լոյսը ինչի՟ չի մարում”: Խմողներին հանգիստ չէր թողնում.”Է›շ եք, որ խմում եք”: “Խմիչքը մեր նախնիներից է եկել”: “Ուրեմն նրա›նք էլ էշ էին”: Մի օր էլ զինուորները խաղողի օղու շուրջ էին բոլորուել: Մոնթէի վախից թաքցրեցին, սակայն երբ Աւօն մտաւ, նա հոտով գտաւ օղին: Սառնասրտօրէն դատարկեց պատուհանի տակ: “Աւօ›, տղաները վազում են դուրս արբած հողը հոտոտելու”: Երկար չմտածեց Մոնթէն. երկու օր շարունակ միզեց այդ օղու վրայ: Ինքը Աւօն մածուն էր սիրում եւ խմորեղէն: Խորովա՟ծ – “տուէ›ք տղերքին”: Իր անձին մեծ նշանակութիւն չէր տալիս: Մի բուժքոյր պատմում է.”Սաստիկ անձրեւ էր գալիս: Հոսպիտալի բակում տեսայ մէկը այդ անձրեւի տակ նստած է նստարանին: Մօտեցայ – Աւօն էր.

Ի՟նչ ես անում այստեղ, գնանք ներս:

Բժիշկի հետ գործ ունեմ, սպասում եմ:

Գնանք ներս,- եւ բուժքոյրը առաջարկում է նրան նստել սաւանով ծածկած մահճակալին:

Ո›չ, կը կեղտոտեմ:
Մոնթէն եկել էր Արցախ յաղթելու համար: Նա գիշերով աննկատ մտնում էր թշնամու դիրքերը:

Աւօ, ազերիներին 13 նոր տանկ է եկել:

Բոլորը մերն են լինելու,-ուրախանում էր:
Ամուսնացած էր, բայց երբ հարցնում էին երախաների մասին, պատասխանում էր. “Ժամանակ չունեմ”:

Աւօ, լաւ լուր ունենք` կինդ է եկել:

Ես էլ կարծեցիտանկ ենք վերցրել: Հայաստանում զոհուածների յիշատակին աղբիւր են տեղադրում: Աւօն էլ իր աղբիւրն ունեցաւ: Պարզ զուլալ ջուր է լցւում աղբիւրից թթենիներով շրջապատուած լճի մէջ: Վշտի արցունքներով լցուած աւազանի նման չէ, այլ մեծ մի հայելու, որի մէջ ամէն մարդ կարող է տեսնել սեփական բարութիւնը: Մի› քաշուեք բարի լինելուց, եկե›ք Մարտունի շրջան ամառուայ սկզբին եւ համտեսեք Մոնթէի աղբիւրի թութերից: Իսկ Աւօն…Աւօն երկար չի մնայ անլինելիութեան մէջ, նա նորից կը վերադառնայ, որպէսզի յիշեցնի էշերին , որ մահ չկայ եւ վախ չկայ, այլ կայ մի մեծ սէր, որը տանում է դէպի յաղթանակ:
Ֆիզուլիում որդիս մի մեծ կրիայ էր գտել ջրի մօտակայքում, ուզում էր տուն տանել` հոգալ- սիրել, բայց երբ տեսաւ Մոնթէի աղբիւրը, քայլեց շուրջբոլորը եւ մի գողտրիկ անկիւնում բաց թողեց կրիային: Աւելի լաւ տեղ չէր գտնի անվնաս կենդանու համար:


ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *