ԾՈՒ՞Ռ, ԹԷ՞ ՇԻՏԱԿ

Posted on November. 19. 2022

Չգիտեմ, թէ ո՞ւր ենք գնալու, Բայց գիտեմ, որ ինչ էլ պատահի,
Աշխարհում մենք մե՛նք ենք մնալու՝
Ճեղքելով չարութիւնն աշխարհի:
Համօ Սահեան


Երբ երկու անձ վիճում են կրօնից՝ նրանցից մէկը անգիտակից է:
Արաբական


Ընդամէնը մի քանի օր առաջ երեւա-նում տեղի ունեցաւ ՀՀ-Սփիւռք համա-
հայկական գագաթնաժողովի մեկնար-կը, որին 600-ից աւելի մասնակիցների շարքում լինելու բախտն ու առիթը չունեցանք՝ ինչպէս նախկինում, բայց մամուլի միջոցով փորձեցինք տեղեկանալ անց ու դարձին եւ պարզուեց, որ բազում էին խօսք առնողները, տարբեր եւ կարեւոր, մեզ անհանգստացնող խնդիրների շուրջ հնչեցրել կարծիք, ահազանգ, միայն թէ ոչ մէկ վստահութիւն կայ, որ նախորդների նման այն պիտի չմնայ թղթի վրայ, որպէս գեղեցիկ նպատակների նմուշ եւ մի բան, որ անցանկալի է՝ այդ ելոյթների մի զգալի մասը եղել է օտար լեզուով եւ յայտնի չէ, թէ մինչեւ ե՞րբ կարելի է հանդուրժել նման կացութիւն: Արդեօք պէտք է զարմանա՞լ, թէ՞ ողբալ, որ մայրենի լեզուի տիրապետելը նուազ կարեւոր է, քան որեւէ այլ լեզուի՝ ո՛ւր գերակայ է անգլերէնը՝ առանց նշելու քաղաքում տիրող բազում ցուցանակների այլանդակութիւնը: Ա՜խ, երանի միայն այդ լինէր շտկելիք:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, եւ շատերն են վաղուց հասկացել, որ մեր առջեւ ծառացած մարտահրաւէրներն են՝ ՀՀ խաղաղութեան հաստատումը եւ Արցախի վիճակի վերջնական լուծումը եւ անհրաժեշտ քայլերի մարմնացումը ինքնորոշման միջազգային ձեւաչափով, միայն թէ այդ բոլորը միայն մեր ցանկութեան հետ չի կապուած, այլ բազում խանգարող տարրերի, ուր կարեւոր դեր ունի ազերիթուրքի անյագն ախորժակը, փաստ, որ սահմանագծի անընդմէջ կրակոցները դադար չունեն: Ինչո՞ւ է այդ վիճակը կարեւոր։ Թերեւս պէտք եղած ժամանակին ճի՛շտ քայլեր անելու իմաստութիւնը չենք ունեցել եւ այսօր կրում ենք այդ լուծը եւ բացառուած չէ, որ այսօր եւս շարունակում ենք անել այլ նման ու համազօր սխալներ, եթէ ոչ աւելի, միայն թէ դեռ ոմանք չեն հասկացել, որ միասնականութեան մասին ճառելը տարբեր ամբիոններից՝ մնում է բարբանջանք:
Երկրին«անգնահատելի ծառայութիւն» մատուցելու համար՝ (վարչապետին դէմ էր ողջ հոգեւոր դասը- sic) Պուտինի կողմից շքանշանակիր կաթողիկոսի հրաւէրով նախկին նախագահների հետ քննարկումների ժամանակ՝ ըստ մամուլի, ԼՏՊ-ն առաջարկել է խուսափել ցաւոտ լուծումներից եւ միասին վարչապետին օգնել, նուազ ցաւոտ լուծումն ընտրել ու պատասխանատուութիւնը նրա հետ կիսել։ Ըստ էութեան, առաջարկը բոլորի սրտով չէր եւ պատասխանը լինում է, թէ «Նիկոլի հետ խօսելու կարիք չկայ, եւ նրան մնում է միայն հեռանալ»՝ միեւնոյն յանգերգը։ Այս է մեր փրկիչների ունեցած միակ ծրագրի առարկայական եւ հոգեբանական մտահորիզոնը եւ ինչպէս լուսահոգի մայրս կ՝ասէր՝ կարմիր կովը կաշին չի փոխում։
Բացի այդ, միաժամանակ սկսել են Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովի աշխատանքները, ուր տարբեր ընթացիկ հարցերի հետ քննարկուել են Եկեղեցւոյ կրթական եւ դաստիարակչական առաքելութեանն առնչուած հարցեր, եւ անդրադարձ է կատարուել ՀՀ եւ Արցախի շուրջ ստեղծուած ծանր իրավիճակին, ուր հիմնական դրոյթը եղել է 44-օրեայ պարտութեան փաստզգացումից առաջացած պարտուողականութեան հոգեբանութեան սրբագրումը, շեշտելով՝ պարտութիւնը աւելի նուազ կործանարար է քան պարտուողականութիւնը՝ հուսկ եթէ ոչ զարմանալի՝ ապա տարօրինակ է հնչում ՀՀ իշխանութեանը ուղղուած պատգամ-հրամանագիրը՝ «Վերականգնել տարածքային ամբողջականութիւնը, կանխել մարդկային ու տարածքային հնարաւոր նոր ցաւալի կորուստները եւ միջազգային հարթակներում հետեւողականօրէն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը», որ ցոյցերի կոչերի «ստերէո» կրկնութիւնն է հոգեւորականների կողմից եւ դեռ աւելին:
Նոյեմբերի 5-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպուել էր ընդդիմութեան Միասնութեան հանրահաւաքը՝ ըստ մամուլի 5620 մասնակցով եւ Ռոբերտ Քոչարեանի մասնակցութեամբ, յայտարարած գլխաւոր նպատակով՝ վերականգնել Համահայկական զարթօնքի միասնականութիւնը, իսկ հանրահաւաքի բացմանը ելոյթով հանդէս է եկել Տաւուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, որ մեր իմացականութեամբ՝ այդ ամբիոնը ոչ միայն իր կոչումին, կարգին համապատասխան չէ՝ պարզ չէ, թէ ու՞մ ցուցմունքով կամ հրամանով է նա յայտնուել այդ հարթակում, նաեւ, նա ճանաչուած է ամիսներ առաջ, վարչապետի մոլեգին հրաժարականը պահանջողներից մէկը եւ բարձրախօսը:
Ծայրայեղ չեն Տաւուշի թեմի առաջնորդի ցանկութիւն-պահանջները եւ համոզմունքը , թէ «Հայոց եռագոյնը պիտի վերստին ծածանի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի եւ Հադրութի բարձունքներում՝ որպէս հայոց սահմանների պատուի եւ արժանապատուութեան վերահաստատման եւ նոր վերականգնման արշալոյս»։ Ի՞նչ փառահեղ մտքեր:
Եթէ սոփեստութիւն չհամարենք այդ ուղերձները, ապա անկարելի է հարց չտալ, թէ ո՞վ է դէմ այդ բոլորին, եւ ո՞ր հայն է, որ չի երազել, միայն թէ այդ կոչերը հնչեցնողները չեն ասում թէ ի՞նչ ծրագրերով, ո՞ր միջոցներով այն իրագործել եւ արդեօք արդէ՞ն թուրքազերի ոհմակների եւ մեր ներքին պառակտութիւնների ծուռ ու շիտակ յարաբերութիւններն ու խնդիրները լուծուա՞ծ են, այլեւս գոյութիւն չունե՞ն նրանք եւ միթէ այդ ամէնը կախում ունի միա՞յն մեր ցանկութիւնից:
Ինչ լաւ կը լինէր, եթէ ամէն ոք, կարողանար է իր դրան առջեւն մաքրել եւ երկրի հոգսերով տառապող հոգեւոր հայրերը մտածէին կաթողիկոսի ցմահ գահակալութեան եւ կուսակրօնութեան ճղճիմ խնդիրների վերացման մասին, թերեւս որոշ հարցեր լուծում գտնէին:
Ու՞մ համար է գաղտնիք, որ ՀՀ եւ Արցախն ներառեալ գտնուում են տագնապի դէմ դիմաց, որ կարող է լինել ճակատագրային, իսկ պառակտուած հասարակութեան բոլոր հատուածները մէկտեղ, դեռ շարունակում են ներքաղաքական եւ ներխմբային, եթէ չասենք գրեթէ կլանային քայլեր անել եւ առաւել ցաւալի՝ դրսից թելադրուող վէճերի հարթակը թէժացնել, փոխանակ բազմագլուխ թշնամու դէմ առճակատումի:
Ոմանք կարծում են եւ գուցէ համոզուած են՞, թէ մեր գլխին եկած դժոխային չարիքը միայն իրենց է բաժին հասել, մոռանալով, որ այն համահայկական է եւ ողջ ազգի դէմ էր յայտարարուած պատերազմը՝ ոչ միայն իշխող կուսակցութեան, ազգն է, որ ողբալի եւ կարեկցելու վիճակ ունի, դժբախտաբար այն հատուածային չէ, այլ բոլորն են ողբում մեր զոհերի կորուստը նրանց ծնողների հետ մէկտեղ:
Բաւական է, ժամը վաղուց հասել է լրջանալու եւ անիմաստ ցոյցերով ու բացականչութիւններով ազգի ցաւն ու ողբը սեփականացնելով շահարկել, կեղծ եւ ատելութեան մթնոլորտ ստեղծել միայն ու միայն իշխանատենչութեան նպատակներով: Այդ չէ երկիր վերակառուցելու ճիշտ ու միակ ճանապարհը, կան աւելի ուղղամիտ եւ փորձուած ուղիներ եւ իրար հայհոյելն ու ամբաստանելը միայն թշնամուն է օգտակար եւ որքա՞ն կարող է տիրել ա՛յդ անբովանդակ կացութիւնը: Երիցս ցաւալի է որ մեր հասարակութիւնը կորցրել է իրատեսութեան եւ երեւոյթներին ճիշտ որակում տալու զգացումը, որ յատուկ է բոլոր կողմերի համար՝ բազում են աննպատակ հայհոյանքները հասարակութեան տարբեր մակարդակներում:
Իրաւ է ասուած, որ Հայրենիքը աղօթքով, ծափով ու ծնծղայով, կամ դրօշ ծածանելով չէ, որ կարելի է պահել, իսկ բանականութիւնը իրատեսութեան հետ մէկտեղ ամէն մարդու չէ տրուած:
Բարի երթ ծուռ ու շիտակը հասկացողներին:
6-11-22
Ռուբէն Յովակիմեան-Սեն Ռաֆայել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *