ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔԻ ՍԲ․ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅՈՑ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ԹԵՄԻ ԴԵՄ՝ ԻՐԵՆՑ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆԻ ՏԱՐԱԾԱԾ ԶՐՊԱՐՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Posted on January. 19. 2023

Համացանցում պտտվում է զգուշացում, որը հրապարակել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան Հայոց Էջմիածնական Թեմի
Առաջնորդարանի մամլո դիվանը։ Որտեղ չգիտես ինչու զգուշացվում է. «Հակականոնական, անվավեր Եկեղեցի Գլենդել Քաղաքում։ Ցավոք՝ Գլենդել քաղաքում 332 N. Pacific Ave., Glendale CA, 91203 ի հայտ է եկել հակականոնական եւ ոչ վավերական եկեղեցի, որը չունի մեր եկեղեցու իշխանության օրինական հովանավորությունը։ Նման եկեղեցին կարգալույծ հայտարարված քահանաերների կողմից է հիմնվել եւ կրում է Սբ. Սարգիս անվանումը։ Վերոհիշյալ կառույցը կապ չունի Հայ Եկեղեցու հետ, որքան էլ, որ հակառակը ներ-կայացվի կարգալույծ նախկին քահանաների կողմից… Այսու, կոչ ենք անում զգուշանալ եւ չշփոթել վավերական, իրական եւ կանոնական մեր եկեղեցին, հակականոն եւ ոչ իրական եկեղեցու հետ, որպեսզի չմոլորվեք եւ չհեռանաք մեր Եկեղեցու ճշմարիտ ուղուց»-ասվում է հայտարարության մեջ։
Ընթերցողի համար նշենք, որ խոսքը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի մասին է։ Նախ հարկ է նշել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ԱՄՆ-ում ունի երկու թեմ՝ Արևելյան Հայոց Թեմը և Արևմտյան Հայոց Թեմ, բացի այս թեմերից նմանատիպ երկու թեմ էլ ունի Կիլիկիայի կաթողիկոսությունը։ Թեմ (վիճակ, եպիսկոպոսություն, առաջնորդություն), հայ առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր։ Գործածական է նվիրապետական երկու գերագույն աթոռների՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Էջմիածին) և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության (Անթիլիաս) պարագայում։ Թեմ անվանումն առաջացել է 7-րդ դարում, Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ թեմերի անունից։ 4-5-րդ դարերում Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին։ Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնյա համայնքների (ծխերի) հիման վրա։ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու։ Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն)։
Սակայն մինչև հասկանանք ինչ է Թեմը, պետք է հասկանալ ի՞նչ է եկեղեցին։ Եկեղեցի հունարեն էկլեսիա բառից է ծագում, որ նշանակում է ժողով, ժողովարան, հավաքատեղի, քրիստոնեության իմաստով՝ քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք։ Եկեղեցի բառը մի քանի նրբիմաստներ ունի։ Նոր Կտակարանը երկու իմաստով է գործածում եկեղեցի բառը.
• Տեղական եկեղեցիքրիստոնեական առանձին համայնքներ՝ հավատացյալների տե-ղական, տեսանելի հավաքույթները բնորոշելու համար (Կորնթոս, Փիլիպպե),

• Տիեզերական կիրառվում է ավելի լայն իմաստով՝ մատնանշելու համար բոլոր քրիստոնյաների ամբողջությունը,
• Քրիստոնյաների հավաքատեղի՝ շինություն։
Եղիշե վարդապետը եկեղեցի բառը մեկնում է «ցրվածներին մի տեղում ժողովել, կանչել» իմաստով։ Հայ մատենագրության մեջ եկեղեցու շինություն իմաստով հանդիպում է նաև «կոչարան» բառը։
Ի՞նչ է հասկանում եկեղեցի ասելով ԱՄՆ կառավարությունը։ «Եկեղեցի» բառի ընդհա-նուր սահմանումները վերաբերում են կրոնական միավորին կամ կազմակերպությանը, ոչ միայն բուն շենքին: Սահմանումը դառնում է ավելի բարդ, երբ դիտարկվում է յուրաքանչյուր կրոնական խմբի սեփական սահմանումը, թե ինչ է կազմում եկեղեցին: Եկեղեցու և այլ կրոնական հաստատությունների դաշնային կառավարության սահմանումները պարզաբանելու համար Ներքին եկամուտների ծառայությունը օգտագործում է հստակ սահմանված ուղեցույցներ: Եկեղեցիները և այլ կրոնական կազմակերպությունները սահմանելու համար IRS-ի որոշ ուղեցույցներ հաշվի են առնում.
• հստակ իրավական գոյություն և կրոնական պատմություն,
• ճանաչված դավանանք և երկրպագության ձև,
• հիմնված պաշտամունքի վայրեր
• կանոնավոր միաբանություն և կանոնավոր կրոնական ծառայություններ
• հոգևորականների դաս
Հիմնական կրոնների մեծ մասը, ինչպիսիք են կաթոլիկությունը, հուդայականությունը և ընդհանուր բողոքական աղանդները, հեշտությամբ տեղավորվում են IRS ուղեցույց-ներում: Եկեղեցի համարվող հաստատություններին տրվում է հարկերից ազատված կարգավիճակ՝ համաձայն Հարկային օրենսգրքի 501(գ)(3) բաժնի: Հիմնական բանն այն է, որ IRS-ը ստեղծել է հատուկ ուղեցույցներ եկեղեցիների և այլ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ՝ նրանց հարկային կարգավիճակը որոշելու համար: Այնուամենայ-նիվ, պարտադիր չէ, որ եկեղեցին համապատասխանի բոլոր չափանիշներին։ Փոխարենը, IRS-ն առաջարկում է ճկունություն՝ թույլ տալով տարբեր կրոնական հաստատություններին որակավորվել հարկերից ազատված խիստ բաղձալի կարգավիճակի համար:
ԱՄՆ Արևմտյան Հայոց Էջմիածնական Թեմի Առաջնորդարանի մամլո դիվանի հայտարարության մեջ ասվում է, որ այդ եկեղեցին կարգալույծ հայտարարված քահանաերների կողմից է հիմնվել եւ կրում է Սբ. Սարգիս անվանումը։ Վերոհիշյալ կառույցը կապ չունի Հայ Եկեղեցու հետ, որքան էլ, որ հակառակը ներկայացվի կարգալույծ նախկին քահանաների կողմից…
Վերջին տարիներին մամուլում հաճախ ենք կարդում, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել այս կամ այն հոգևորականը և միաժամանակ հանրությանը չի պարզաբանվում և տեղեկացվում, թե ով էր այդ հոգևորականը, ինչ կրթություն, ինչ վաստակ, ինչ սխրանք կամ սխալ ուներ գործած, ինչպես նաև հաճախ ենք հանդիպում, որ կարգալույծ հռչակվելուց հետո Հայաստանից, Արցախից և Սփյուռքից մի խումբ հոգևորականներ ու աշխարհականներ, նմանատիպ գրությունները կարդալուց հետո, հարկ են համարում անհատական կամ խմբակային գրավոր մտահոգությունը հայտնել Մայր Աթոռին, սակայն բոլորը մնում են ապատասխան։
Կաթողիկոսը հանդես է գալիս որպես միանձնյա ղեկավար, անսահման գերիշխանությամբ, անտեսելով նաև որևէ այլ բարձրագույն հեղինակության գոյությունը: Իսկ մեր ազգն ու եկեղեցին, նկատի ունենալով մարդու սխալական լինելը, «պապական անսխալական» նման գերիշխանություն ոչ ոքի չեն շնորհել: «Կարգալույծ» բառն ինքնին վիճահարույց է: Իրականում այդ բառը դասական հայերենում գոյություն չի ունեցել. այն համեմատաբար նորաթուխ բառ է: Ո՛չ Հայկազյան բառագրքում, ո՛չ Նորայր Բյուզանդյանի կողմից դասական գրաբարի սրբագրություններով ամբողջացված բառագրքում և ո՛չ էլ Փեշտըմալճյանի1844-ին Կ. Պոլսում տպագրած Հայկազյան լեզվի բառագրքում այս բառը չի գրանցված: Հետաքրքրական է, որ ոսկեդարի գրաբարում կան «կարգաթող» և «կարգազուրկ» բառերը, բայց ոչ «կարգալույծ», քանի որ մեր հայրերն այդ ժամանակ քաջ գիտակցել են, որ մարդը չի կարող լուծարել որևէ այլ մարդու՝ Աստծու պարգևած շնորհները: Վերոհիշյալ արտահայտություններին կրկին անդրադառնալու ենք ավելի ուշ, իսկ այժմ պարզապես պիտի ուզենք կենտրոնանալ եկեղեցական-վարդապետական մի սկզբունքի վրա, այն էոր քահանայի օծումը աստվածապարգև շնորհ է և որպես այդպիսին անլուծանելի է: Եկեղեցու ընկալումով բուն քահանան Քրիստոսն է «Քահանայ յաւիտեան ըստ կարգի Մելքիսեդեկի» (Ծննդ. ԻԴ. 18): Քրիստոս է ճշմարիտ Քահանայապետը, իբրև պատարագող, պատարագվող և նույնը միաժամանակ ընդունող: Հենց դրա համար էլ եկեղեցու պատմության մեջ Քրիստոս ընդամենը կոչվում է քահանայապետ, ո՛չ կաթողիկոս և ո՛չ էլ ծայրագույն պատրիարք կամ գեղազարդ այլ տիտղոսով:
Այսպիսով. արդյո՞ք կարգալույծ եղած հոգևորականը դադարում է հայ լինելուց, դադարո՞ւմ է հավատացյալ լինելուց, զրկվո՞ւմ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ ու զավակ լինելուց, զրկվո՞ւմ է Սուրբ Հաղորդությունից և այլն, բնականաբար ո՛չ։ Իսկ ի՞նչ է նրան խանգարում յուրովի պատշել Աստծուն և դեմոկրատիկ, ազատ երկրում հիմնել իր պաշտամունքի վայրը։
Շատ պարզ է, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր եկեղեցիները, ծուխերը, համայնքները վճարում են Թեմերին, իսկ Թեմերն էլ իրենց հերթին վճարում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ այն կոչվում է Գրիգոր Լուսավորչի լումա։ Այստեղից հետևություն, որ Արևմտյան Հայոց էջմիածնական Թեմի Առաջնորդարանի մամլո դիվանը բարկացած է, որ Գլենդել քաղաքի նորաբաց Սբ. Սարգիս Հայ Եկեղեցին իրեն չի վճարում, բնականաբար չի ենթարկվում Թեմից եկեղ հրահանգներին։ Ուստի տարածել է անգրագետ և ապօրինի մի հայտա-րարություն՝ զգուշացնելով, որ բացվել է Հակականոնական, անվավեր Եկեղեցի Գլենդել Քաղաքում։ Հավատացյալի մոտ հարց պիտի ծագի ի՞նչու Մայր Աթոռը նմանատիպ հայտարարություններ չտարածեց, երբ օրինակ բացվեցին Կիլիկիո Կաթողիկոսություն եկեղեցիներ և թեմեր էջմիածնական եկեղեցիների ու թեմերին կից կամ, երբ Կանադայում էջմիածնական թեմին կից բացվեց Կիլիկիո Թեմը։
Գլենդել քաղաքի նորաբաց Սբ Սարգիս Հայ եկեղեցին, ԱՄՆ կառավարության ընկալմամբ, որևէ ապօրինիություն չի արել, եկեղեցին համապատասխանում է տվյալ երկրում եկեղեցի բացելու բոլոր չափանիշներին, ուստի ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՍԲ. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ և ՀՈԳևՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅՈՑ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ԹԵՄԻ ԴԵՄ՝ ԻՐԵՆՑ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆԻ ՏԱՐԱԾԱԾ ԶՐՊԱՐՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ, իսկ ովքեր ուզում են չայցելել մեր եկեղեցի թող չայցելեն։ Մենք երբեվիցէ չենք բռնացել կրոնական այլ կազմակերպություններ գործունեության վրա, մանավանդ Հայ Եկեղեցու։
Հորդորում ենք ու նախազգուշացնում ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅՈՑ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ԹԵՄԻՆ անմիջապես հեռացնել տվայալ զրպարտանքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *