ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՄԵՆ ԶԱԼԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Posted on November. 10. 2020

Սիրելի Հայրենակիցներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, այսօր՝ գիշերվանից և վերջին ժամերի ընթացքում տեղի են ունեցել իրադարձութուններ, որոնք հստակ իմաստավորման և գնահատման կարիք ունեն, որպեսզի Հայ ազգի հետագա բոլոր գործողությունները լինեն գիտակցված, կշռադատված, սթափ, առանց զգացմունքների:

Միանգամից ասեմ հետևյալը, որ չնայած տեղի ունեցող իրադարձություններին, մինչ այս պահը ոչ ոք չի իրականացրել որևէ գործողություն, որը հնարավոր չլինի շտկել, բացառությամբ այն նահատակված զոհերի, որոնք այլևս չեն լինի մեր կողքին, սակայն կլինեն մեր սրտերում և մտքերում: Խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին, սա մեր ազգի կորուստն է: Սակայն, եթե Հայ ազգը չստանա բոլոր պատասխանները մինչև նոյեմբերի 12-ը և միահամուռ չթիրախավորենք մեր անելիքները, այդ պարագայում կարող են լինել նոր անդառնալի կորուստներ: Գտնում եմ, կարևոր նշանակություն ունի ՀՀ Ազգային ժողովի, առանձին պատգամավորների դիրքորոշումների դրսևորումները:

Առաջիկա օրերը, կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Արցախի Հանրապետության այլև Հայաստանի պետականության համար: Ուստի հասկանալու և գնահատելու համար ստեղծված իրավիճակը անհրաշեժտ է արձանագրել՝ թե ինչ փաստեր և ինչ հարցեր ունենք այս պահի դրությամբ:

Փաստ 1.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Նախագահ Ալիևի հետ համատեղ հայտարարություն: Ստորև կանդրադառնամ այդ Հայտարարության մի շարք առաջնային դրույթներին.

«2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի ամբողջական և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»/կետ 1/։

«Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը» /կետ 2/։

«Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա» /կետ 3/։

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության

խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հաջորդ 5-ամյա ժամկետով, եթե Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին» /կետ 4/:

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձ-նում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով» /կետ 6/։

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը» /կետ 9/։

Եվ այսպես՝ ՀՀ վարչապետը ստորագրել է այսպիսի Հայտարարություն և դրա հիման վրա այս պահին շփման գծի ամբողջ երկայնքով դադարեցված են ռազմական գործողությունները, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում և այս ամենը արվում է առանց Արցախի կարգավիճակի որևէ որոշման: Այս Հայտարարության ստորագրման փաստը մարդկանց մոտ առաջացնում է երկու ծայրահեղ զգացումներ կամ Հայ ազգը գործ ունի պետական, ազգային դավաճանության հետ կամ չենք հասկանում այն վտանգները, որոնք կարող էին կանխվել միայն այս Հայտարարությունը ստորագելու միջոցով, և ՀՀ վարչապետը ստիպված է գնացել այդ քայլին՝ հանուն ազգի փրկության, ինչպես ներկայացվում է: Ուստի, ՀՀ վարչապետը նախևառաջ պետք է Հայ ազգին հստակ, մանրակրկիտ և հիմնավոր ներկայացնի իրավիճակը և կայացված որոշումներին այլընտրանքի բացակայությունը, որպեսզի ժողովուրդն էլ գիտակցի և գնահատի պահի հասունացման պատճառները, ընթացքը և

հետևանքները: Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ ՀՀ վարչապետի կողմից մինչ այս պահը ֆեյսբուքի միջոցով պարբերաբար ներկայացված հետևյալ պարզաբանումներին՝ կապված Հայտարարության ստորագրման որոշման կայացման հետ. Եվ այսպես, ՀՀ վարչապետը նշում է, որ.

այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության վերլուծության արդյուքնում և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: «Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով» – շեշտել է ՀՀ վարչապետը:

Այդ ուղերձից մի քանի ժամ հետո հանդես է եկել նոր ուղերձով, որտեղ կրկին անդրադարձել է Հայտարարության ստորագրան որոշման կայացման հիմնավորմանը, սակայն կրկին ոչ լիարծեք, քանի որ, ինչպես ինքն է նշում. «. . . ես կրկին ուզում եմ ասել՝ ցավում եմ, որ մանրամասն չեմ կարող ամեն ինչի մասին խոսել։ Չեմ կարող, որովհետև իրավիճակը ռազմաճակատում կայուն չէ։» «Բայց ես հասկանում եմ, որ պետք է բովանդակային և մանրամասն բացատրություններ տամ։ Այդ բացատրությունները ես այսօր էլ եմ պատրաստ տալ, բայց ինչո՞ւ չեմ տալիս։ Ինֆորմացիոն դիսոնանսի հետ կապված խնդիր կա։ Ռազմական և պատերազմական դրության պայմաններում ամեն ձևակերպած նախադասությունն ազդեցություն է ունենում մարտական գործողությունների վրա։», – ասել է ՀՀ վարչապետը:

Եվ այսպես՝ այն պահին, երբ ՀՀ վարչապետը ֆեյսբուքով ելույթ էր ունենում, ինքը մտահոգված էր, որ իր հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ այդ պահին դեռևս ընթացող մարտական գործողությունների վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը դեռևս չէին տեղափոխվել Արցախ: Ուստի, ելնելով վերոշարադրյալից, գտնում եմ, որ ժողովրդի հետ երկխողությունը կարելի ամբողջականացնել և ավարտել առավելագույնը վաղը, երբ արդեն իսկ մեկ ամբողջ օր չեն լինի ռազմական գործողություններ, իրավիճակը կկայունանա, խաղապահ ուժերի տեղափոխումը Արցախ կլինի մեծամասամբ կատարված: Ի վերջո, գտնում եմ, անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել, որպեսզի ՀՀ վարչապետը հիմնավորի ՀՀ քաղաքացիներին ուղղված իր այն հայտարարությունը, որ որեւէ անազնիվ բան չի արել, որեւէ գործարքի չի գնացել և գործել է այնպես, որ ունենա բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինի հայրենիքի, ժողովրդի առաջ։

Փաստ 2.

Այսօր գիշերը վերոհիշյալ եռակողմ Հայտարարության ստորագրման փաստի մասին տեղեկանալուց հետո մի խումբ մարդիք հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում և ներժուժել են ՀՀ կառավարության շենք, Ազգային ժողովի շենք, վարչապետի կեցավայր: Անդրադառնալով այդ փաստերին և Հայտարարության

ստորագրման այլընտրանքի բացակայությանը, ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այս ամենը, և ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի վրա և իր երեխայի վրա: Ինչ-որ ստահակ, որը երևի վերջին 2 տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվում է այդ մարդու վրա ու մտածում է, որ մարսելո՞ւ է: Բացառված է:» Ապա ՀՀ վարչապետը հայտարարել է հետևյալը. «Ես բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, ես իրենց կոչ եմ անում վրեժի: Այս կոռուպցիոներ ստահակ օլիգարխների հետ, այո, մենք ճիշտ չենք վարվել: Էս երկիրը թալանածներին, զինվորի հացը, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետեւ մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Սա է մեր անելիքը: Ես մտածում եմ առաջիկայում հանրահավաք կազմակերպելու անհրաժեշտության մասին, մեր ասելիքը ասելու եւ շատ կոնկրետ անելիք անելու մասին:»

ՀՀ վարչապետի վերոհիշյալի հայտարարությունների կապակցությամբ ունեմ երկու դիտարկում.

Գտնում եմ, անընդունելի է ՀՀ վարչապետի կողմից վրեժ առնելու մասին կոչով ՀՀ քաղաքացիներին դիմելու որևէ հայտարարություն: Այն մարդիկ, ովքեր կատարել են քրեական հանցագործություն, ենթարկեք ամենախիստ պատժին, դրա համար կան իրավապահ մարմիններ, այլ ոչ թե կոչ արեք, որպեսզի ՀՀ քաղաքացիների մի խումբը վրեժ լուծի մեկ այլ խմբից: Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչի կարող է հանգեցնել: Եվ առավել ևս նման հարցի լուծման համար ընդհանրապես կարիք չկա հավաքել հանրահավաք և քննարկել վրեժի կատարման հետ կապված անելիքները: Այսպիսի պահվածքը հարիր չէ որպես հայ ժողովրդի և պետության առաջնորդ հանդես եկող ՀՀ վարչապետին:

Սիրելի Հայրենակիցներ, դիմում եմ յուրաքանչյուրիդ սիրով և հավատով, որ ձեզանից յուրաքանչյուրը ցանկություն ունի իր համար հասկանալ ճշմարտությունը, որպեսզի, երբ որոշում կայացնելու լինեք, թե ինչ անել, ինչպես վարվել, Դուք կարողանաք գործել գիտակցված և պատասխանատվությամբ: Գիտակցելով առկա իրողությունները և պատասխանատու լինելով Ձեր դիրքորոշման, Ձեր որոշման հետևանքների համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ կյանքում, ինչպես և քաղաքականության մեջ, ոչինչ հենց այնպես չի լինում՝ ամեն ինչ փոխկապակցված է:

Մենք ժամանակ ունենք մինչև նոյեմբերի 12-ը: Մինչ այդ ՀՀ վարչապետը պետք է հիմնավորի իր գործողությունների, եռակողմ Հայտարարության ստորագրման այլընտրանքի բացակայությունը և հանդես գա հետագա առարկայական նոր քայլերի

հստակ ծրագրով, ինչը պետք է համոզիչ լինի և հաստատի նրա կարողությունը դուրս հանել ժողովրդին այս իրավիճակից: Հակառակ պարագայում կստացվի, որ, որպես Հայ ժողովրդի և պետության առաջնորդ հանդես եկող ՀՀ վարչապետը ներկայի և ապագայի նկատմամբ ունի երևակայական պատկերացումներ, իսկ դա կառաջացնի անվստահություն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Առաջ Աստված!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *