ԲԱՒ Է (Ras le bol)

Posted on March. 25. 2021

ԳՐԵՑ՝ Ռուբէն Յովակիմեան

« Յաճախ ձգտում են ազգի
ներկայացուցիչ դառնալ նրանք, որոնց
ազգը դատապարտում է մահուան»:
Ռենան

Այլեւս բաւական է, շատ երկար տեւեցգ ամիսներ ի վեր՝ այսքան տխմար հայհոյանք ու ատելութիւն, մաղձ, թոյն ու գզուըռտոց, որ դժուար է հանդուրժել եւ յիշեցնում է երկու կատաղած կռուող նոխազի, երբ չեն նկատում իրենց մօտեցող գայլին, որի այդ օրուայ կերն են դառնում: Տխմարութեան ձանձրալի անիմաստ վերելքը այնքան է զարգացել, որ նրա հեղինակները չեն հասկանում, կամ չեն նկատում տիրող կացութեան կարեւորութիւնը: Երեք նշանաւոր կապիկի վիճակում են թերեւս, որ չեն լսում, տեսնում եւ մարդավայել արտայայտւում, իւրաքանչիւրը իր էշը քշելով, երբ երէկ իր պաշտօնական ելոյթում Ալիեւը յայտարարեց, որ դէպի Նախիջեւան՝ հաղորդակցութեան նոր միջանցք պիտի կառուցեն, իրենց պատմական Սիւնիքի տարածքով:
Տեղին է մի զաւեշտ, որ մեզ է վերաբերււումգ երկու չուքչի1 հանդիպում են մոսկուայում եւ իրար հալ ու քէֆ հարցնելուց յետոյ, նրանցից մէկը յայտնւում է, թէ պարզամիտ ազգ է յայտնաբերել եւ դա հայերն են, հիմնաւորելով թէ հիւրանոցի՝ իր կողքի սենեակը մի հայ է վարձել եւ ամէն անգամ նրան գտնում է իր կնոջ անկողնում: Որքան բացատրում է, թէ նրա կինը չէ, մարդը չի հասկանում եւ նորից է գալիս եւ եզրակացնում, որ հայերը աւել տխմար են, որ այդքան պարզ բանը չեն հասկանում: Հետաքրքիր է ի՞նչ կ՝ասէր այդ չուքչին, եթէ երկրում տիրող՝ այս օրերի վիճակին ծանօթ լինէր:
Որքան մեզ խելացի համարենք, այնքա՜ն տխմար քայլեր ենք արել, որ անդառնալի հետեւանք են ունեցել: Շատ հեռու չգնալու համար յիշենք ազգային հերոս Վազգէն Սարգսեանի յամառութիւնը Քոչին ու սերժիկին Արցախից բերելը, որ դարձան ազգային չարիք , երկու տասնամեակ անդադար երկիրը դէպի անդունդ գլորեցին՝ ստեղծելով իրենց իմացականութեանը յարմար ու համապատասխան աւազակաբարոյ համակարգ եւ ի վերջոյ՝ այսօր հրապարակ հանեցին իրենց նմանուող նոր մի չարիք՝ Վազգէն Մանուկեան անունով, որից ազատուելը շատ դժուար պիտի լինի, քանզի ինքը եւս չի գիտակցում, որ արդի պայմաններում այլ են երկրի պահանջները եւ, որ ինքը խամաճիկի դերակատար է, քանզի որեւէ ծրագիր չունի եւ կարող եւս չէ քաղաքական ճանապարհով հանգուցալուծում գտնել տիրող խառն ու շփոթ վիճակին, այլ բարձրաձայն աղաղակում է ուժային մեթոդներով յեղաշրջում անել, համարելով, որ խորհրդարանը չի ներկայացնում ամբողջ ժողովրդին, մոռանալով, որ վերջին ոչ կեղծուած ընտրութիւններին իր կողքին եղած՝ իր նման 17+-ի ոչ մէկ ազգի փրկիչ մէկ կամ երկու տոկոսից աւել քուէ չունեցաւ՝ հուսկ ժողովուրդը նրանց՝ արդէն վաղուց է քաղաքական աղբանոց նետել:
Ձանձրալի, բաւ է՝ ընդհուպ նողկալի է, որ փողոցում վրանների տակ գիշերող խեղկատակները չգիտեն, որ խաղալիք են դարձել նախկին աւազակապետ ռեւանշի երազանքով տառապողների ձեռքին եւ ոչ ոք հարց չի տալիս, թէ ցուցարարների վճարումները, վրանների եւ այլ ծախսեր ո՞վ է հոգում, չէ՞ որ քաոսի մասնակիցները ոչ միայն գաղափարով, այլեւ նիւթապէս սնանկ են եւ ինչ որ մէկը իր թաքստոցից ղեկը դարձնում է ցանկացած կողմ եւ գաղտնիք չէ,որ օրեր առաջ ռոբը յայտարարեց, թէ ետ գալու եւ երկիրը ղեկավարելու պատրաստ է՝ արդի բարդ ու քաոսային խնդիրները լուծելու միակ մարդը ինքն է: Աւելին, նա կարողացել է եռակողմ յարձակման ճակատ ստեղծել իր զինակից պաշտօնեաներին համախմբելով ի դէմս ամենայն հայոցին իր արբանեակներով, երկրի նախագահին եւ վերջերս մէջտեղ հանելով բանակի գեներալներին, մինչդեռ այս երեքը պարտաւոր են ըստ պաշտօնի եւ տրամաբանութեան՝ ոչ միայն առնուազն չէզոք մնալ, այլ նաեւ սատարել իշ-խանութեանը ի հեճուկս բոլոր տեսակի դաւադիրներին՝ փոխանակ նրանց քաջալերելու:
Ակնյայտ է, որ արդի պայմաններում առկայ է երկու ճակատ՝ իշխանութիւն եւ ընդդիմադիր կոչուած նախկինները կամ տարատեսակ մերժուածները, որոնց էութիւնը յայտնի է ու ծանօթ, միայն թէ այդ երկուսը ունեն մի ընդհանուր կողմ, որ իրական հրատապ խնդիրները շեղում են քննարկելուց եւ անհասկանալի ու անընդունելի է, որ իշ-խանութիւնը մի ձեւով յաճախ ինքնապաշտպանումի դիրք է ունենում՝ մոռանալով, որ օրինական եւ անժխտելի հաստատութիւն է եւ իրաւասու եւ պարտաւոր՝ բոլոր տեսակի անհրաժեշտ լուծումներ ընդունելու՝ անշուշտ ելնելով միայն երկրի շահերից:
Կարծում եմ ժամանակն է, եւ երեւոյթները բաւարար հասունացած են, որ իշխանութիւնը մտնի իր շապիկի մէջ, սթափուի եւ կատարեալ զգօնութեամբ վերլուծի պատերազմի պատճառները եւ փնտրի ստեղծուած գորշ վիճակից ելնելու միջոցներ, որի հիմնական նշանակէտը տնտեսութեան եւ բանակի վերակառուցումն է, որ պէտք եղած վստահութիւն եւ հոգեբանական հանդարտութիւն կը բերի բաւական ձանձրացած ու ծայր աստիճան հիասթափ հասարակութեանը:
Միեւնոյն ժամանակ անհրաժեշտ է հասուն քայլեր անել, եզրեր գտնել մեղմացնելու ներքին եւ արտաքին պառակտումները, որպէսզի զերծ մնանք ե՛ւ անցեալ քսան տարիներից, ե՛ւ քառասուն չորսօրեայ ենթադրեալ հետագայ դժոխքից: Պէտք չէ մոռանալ, որ զինադադարը ընդամէնը հինգ տարով է պայմանաւորուած, եւ Ալիեւ-Էրդողան զոյգը նոյն ախորժակն ունի, իսկ սիրիական վարձկանները առօք-փառօք հաստատուել են մեր սահմաններին եւ չեմ կարծում թէ տրա-մադրուած են հեռանալու եւ սպասում են յաջորդ փուլին:
Փողոցը մնացել է ոճրադաւ արկածախնդիրներին եւ նրանցից ձերբազատուելու միջոցները պարզ չեն, որ յիշեցնում է այն իմաստունի խօսքը, թէ «տիեզերքը եւ մարդկային տխմա-րութիւնը սահման չունեն»:
7-3-21
Ռուբէն Յովակիմեան
Սեն Ռաֆայել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *