… Պապի, ինչու հերոս զինվորը զոհվեց…

Posted on March. 31. 2021

Հեղինակ՝ ՐԱՖՖԻ ՊԵԼՈՐՅԱՆ


Անին յոթ տարեկան փոքրիկ թոռնիկս է: Նա պատերազմի ժամանակ իր գանձանակը նվիրեց համահայկական հիմնադրամին: Այնուհետեւ ինձ ասաց՝ պապիկ, ես ուզում եմ Հայաստանի մասին բան ասեմ, դու էլ գրի: Ես էլ գրէցի.


Փոքրիկ Անին և հերոս զինվորը

Ես չեմ ծնվել իմ հայրենիքում
Սակայն հայրենիքը ծնվել է իմ մեջ:
Ես դեռ չեմ եղել իմ հայրենիքում
Սակայն տեսել եմ իմ երազներում
Գետերն են հոսում երակներիս մեջ
Ու աչքերիս մեջ երկինքը կապույտ եւ լիճը Սեւան
Որտեղ ծիրան ու տաք է ամառը
Աշուն, ձմեռը՝ դեղին ու սպիտակ,
Իսկ գարունները, այ գարունները զմրուխտներ կանաչ:
Կարծես մի դրախտ, իսկ ես գունավոր փոքրիկ մի թռչուն
Վտիտ թեւերով ուզում եմ ճախրել արծիվիդ նմնան,
Ու քեզ եմ ձգտում, սակայն չեմ հասնում, սակայն չեմ հասնում…
Հայրենիք իմ, դու վիրավոր, սահմանիդ կանգնած հերոսներ զինվոր
Գանձանակով իմ այս փոքրիկ ու թեւերով իմ այս անզոր
Թող որ սփոփեմ վերքերդ բոսոր,
«Հաղթելու ենք» ես պիտի կոչեմ
Ու աղոթքներով քեզ ապավինեմ հաղթանակները բոլոր:
Ու այնուհետեւ,
Իմ հայրենիքի դու հոգնած զինվոր
Մայրդ ուզում է որ տուն գաս այսօր:
Ես էլ եմ ուզում որ տուն գաս այսօր
Ու որ վերջապես իմ հայրս ժպտա,
Ու մայրս էլ հանգիստ ժպիտով խնդա,
Փոքրիկ եղբայրս էլ անընդհատ ծափ տա
Ու ես էլ ուրախ երգեմ ու պարեմ
Ու ես էլ պարեմ եւ ուրախ երգեմ
Իմ հայրենիք, ազատ անկախ
Որ ապրում ես դարեդար…….



Եվ այնուհետև կատարվեց մի սարսափելի բան, որ բոլոր ազգին շանթահարեց։ Մի պահ մարդիկ կարկամեցին, չկարողանալով բնականոն հնչել «պարտություն» բառը։ Արցունքը սառած աչքերիս մեջ հետևում էի նորություններին, երբ փոքրիկ Անին հանկարծ հարցրեց.

-Պապի, ի՞նչ է եղել զինվորին, ի՞նչ է եղել ոտքին, ինչո՞ւ ձեռքը չկա։

Լսում եմ իրեն, սակայն ի վիճակի չեմ պատասխանելու։ Իմ ականջների մեջ ականների պայթյունն է, վիրավորների ցավի տնքոցը։ Մի պահ Եռաբլուրը ցույց տվեցին։ Որդեկորույս մայրերը ողբում էին իրենց կորուսյալների ծաղկազարդ գերեզմաններին։ Փոքրիկ Անին այլայլված տոնով կրկին հարցրեց.

-Պապի ինչո՞ւ են լացում, ի՞նչ է եղել այնտեղ։
Այնտեղ հերոս զիվորն է թաղվել։
Մահացել է, հարցրեց,
Ոչ, Անի ջան, նա զոհվել է։
-Իսկ ի՞նչ է նշանակում «զոհվել է»։

Զոհվել նշանակում է կյանքը գիտակցաբար նվիրել հայրենիքի պաշտպանությանը։
Նա մի պահ լռեց ու մի բան վերհիշելով, ուրախ տոնով ասաց.

– Մի տխրիր պապի, հերոս զինվորի մաման էլ թող չլացի։ Մեր հայերենի դասատուն ասաց, որ բոլոր լավ մարդիկ, որ մեռնում են, երկինք են գնում՝աստվածի մոտ, ու վերևից մեզ են նայում։ Մեր զինվորը լավն է չէ՞, պապի։
Եվ կարծես թեթևացած, շեղվեց էկրանին հետևելուց։ Հետո հանկարծ, հիշելով մի բան, հարցրեց.

-Պապի, ինչու հերոս զինվորը զոհվեց։

-Որովհետև շատ դավաճաններ օգնեցին թշնամուն։։

– Պապի, իսկ ինչ է դավաճանը։

Ի՞նչ է դավաճանը…, ի՞նչ է դավաճանը…

Սիրելի հայրենակից, խնդրում եմ օգնիր իմ փոքրիկ թոոնիկիս՝ Անիին, որը 7 տարեկան է, և իր գանձանակը նվիրել է հերոս զինվորին, հասկանալու՝ ինչ բան է դավաճանը, այս անիծված բառը, որը ատելի է եղել մարդկության անհիշելի ժամանակներից։

Լոս Անճելես
03/22/2021

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *