ԱՄՆ առանցքային առաջարկը Հայաստանին

Posted on May. 26. 2021

Հայաստանի ժողովրդավարական անցմանն աջակցություն և Հայաստանի քաղաքացիների տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացում: Դրանք լինելու են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի հետ գործընկերության հնգամյա ռազմավարության երկու հիմնարար թիրախները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը: Դեռևս շաբաթներ առաջ արձանագրելով Բայդենի վարչակազմի պաշտոնամուտից ԱՄՆ ՄԶԳ նոր ղեկավարի պաշտոնում Վաշինգտոնի ՄԱԿ նախկին ներկայացուցիչ Սամանթա Փաուերի նշանակումը, նկատել էի, որ այդ նշանակումը կարևոր է Հայաստանի համար:

Փաուերը Օբամայի վարչակազմում ԱՄՆ ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում, վարչակազմի «բազեներից»՝ այն ժամանակ փոխնախագահ Բայդենի հետ, և Բայդենն ու Փաուերն էին նաև, որ 2015  թվականին Վաշինգտոնում մասնակցում էին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված պատարագին, որին ներկա էր Սերժ Սարգսյանը: ՄԱԿ ներկայացուցչի պաշտոնը Թրամփի նախագահության ժամանակաշրջանում թողնելուց հետո, Սամանթա  Փաուերը ներգրավվեց Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության ընտրիչ հանձնախմբի կազմ: Հայաստանի հետ գործընկերության ԱՄՆ ՄԶԳ հնգամյա նոր ռազմավարության թիրախները Հայաստանի համար առանցքային են ոչ միայն սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական, այլևս քաղաքական և ընդհուպ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Ի՞նչ է նշանակում հանրության տնտեսական անվտանգության աստիճանի բարձրացում: Դա պաշտպանական աստիճանի բարձրացում է, դա լայն անվտանգության աստիճանի բարձրացում է, որովհետև երկրի պաշտպանունակությունը՝ հատկապես բնական ռեսուրսային պաշարներով ոչ այնքան առատ երկրի պարագայում, ուղիղ համեմատական է երկրի տնտեսական անվտանգության մակարդակին: Արդիական բանակը կարող է հիմնված լինել միայն արդիական տնտեսության վրա, եթե չկա նավթ ու գազ: Այդ իմաստով, ԱՄՆ ՄԶԳ ռազմավարությունը Հայաստանի համար ունի քաղաքական կարևոր նշանակություն ընդհուպ անվտանգային, և լայն իմաստով պետական ինքնիշխանության տեսանկյունից: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ ՄԶԳ հնգամյա ռազմավարությունը Հայաստանի ինքնիշխանությանն աջակցության առաջարկ է, որը պետք է համարժեք և արդյունավետ արձագանքի արժանանա թե կառավարական, թե ոչ կառավարական՝ հանրային, քաղաքական շրջանակներում, այդ տիրույթներում գտնելով պատասխանատու գործընկերներ:

Միաժամանակ ավելորդ է նկատել, որ ԱՄՆ-ը իր հերթին պետք է բծախնդիր լինի գործընկերների ընտրության հարցում, հաշվի առնելով նաև նախորդ տարիների փորձը, որն իհարկե բոլորովին հնարավոր չէ որակել անարդյունավետ, սակայն տրամադրված ռեսուրսների և գործադրած ջանքի համատեքստում դժվար է նաև դիտարկել խիստ արդյունավետ: Միևնույն ժամանակ, այստեղ բնականաբար առաջանում է Ռուսաստանի խանդի «հավերժական» հարցը՝ մեղմ ասած խանդի: Այստեղ իհարկե իրավիճակը բավականին բազմաշերտ է և անկասկած է, որ այդ խանդը կառավարելու Հայաստանի ներքին ռեսուրսներից զատ, առկա է արտաքին ռեսուրսի կարիքը, երբ ԱՄՆ Հայաստանի հարցում առաջարկելով այդ ռազմավարությունը, միաժամանակ Հայաստանը չի թողնի մենակ դրանից բխելիք քաղաքական մարտահրավերների կառավարման հարցում: Այդ հարցում անկասկած առանցքային պատասխանատվությունը Հայաստանինն է, սակայն անկասկած է նաև, որ ռիսկերն ու մարտահրավերները՝ հատկապես ծանր պատերազմից հետո, անհամեմատ ավելին են իրենց կշռով, քան Հայաստանի դիմադրունակության ներուժը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *