ՀԱՒԱՍԱՐԱԿՇԻՌ

Posted on December. 11. 2022

Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան
(Սեն Ռաֆայել)

Տաքն ի՞նչ իմանայ, թէ պաղը ի՛նչ է:
Վէրքը կ՛ իմանա՞յ, թէ աղը ի՛նչ է:
Նա՛, ով շատերին կսկիծ է տուել,
Ինչպէ՞ս իմանայ, թէ դաղը ինչ :
Պարոյր Սեւակ
Պիտի խոստովանեմ, որ իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններին անդրադառնալը ոչ միայն ձանձ-րալի, այլ նաեւ նողկալի է դարձել, քանզի արդէն տարիներ է, որ դեռ ձգւում է անիմաստ, անբովանդակ հայհոյանք-ների անվերջ շղթան, եւ ոմանք այլընտ-րանքը համարում են Քոչարեանին կամ նրա որեւէ դրածոյին, իսկ լայն հա-սարակութիւնը փողոց դուրս չի գալիս, նոյնիսկ երբ շատերը համակիր չեն իշխանութեան ներկայ գործելաձեւի կամ սկզբունքների հետ՝ գիտակցելով, որ կեանքը նման է հեծանիւի եւ հաւասարակշռութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է միշտ առաջանալ: Իրաւ է նաեւ, որ կան քաղաքական գործիչներ՝ սփիւռք թէ Հայաստան, որ ամէն նիւթի շուրջ ասելիք են գտնում:
Սխալմամբ է, որ նրանք ուղեղ ունեն՝ ողնուղեղը նրանց բաւարար է եւ նորութիւն չէ նաեւ, որ կայսրութիւնները կործանւում են, երբ ենթադրեալ «հոգեւոր գերազանցութիւն» ունեցող անհատներ ղեկավար դիրքեր են ստանձնում եւ դառնում իշխանութեան ծառայողներ: Միթէ այդ չէ՞ր սկզբունքը մեր աւետեաց երկրում, անկախութիւնից յետոյ, երբ անփոյթ ու անարժան գործիչներից ժառանգեցինք արդի դրութիւնը: Եթէ համարենք, որ ընդդիմութիւնը որեւէ ստոյգ օրակարգ չունի՝ դա ի՛ր խնդիրն ու հոգսն է, ապա ճիշտ է նաեւ, որ երկիրը ամրակուռ որեւէ ծրագիր չունի, որ բոլորի՛ս է վերաբերւում: Ապրում եւ դիմակայում ենք օրըստօրէ ծիլ տուող մար-տահրաւէրների, որոնց աղբիւրը, ոչ միայն մեր աճպարար քաղաքական գոր-ծիչներն են, այլ նաեւ աշխարհի «գլոբալիզացումը», որ համընդհանուր չարիք է, իսկ նրանից խուսափելը անհնար:
Իրաւամբ պարզամիտ լինել է, եթէ չենք տեսնում ու համոզւում, որ գերհզօր իշխանութիւններն են թելադրում, թէ ո՛վ ինչ կարող է ձեռնարկել աշխարհում: Պատերազմն ու խաղաղութիւնը ենթակայ են նրանց քմահաճոյքին, կամ շահին, եւ մեծ իմաստութեան կարիք չկայ յիշելու Իրաքը, Պակիստանը, Սիրիան ու մեր 44-օրեայ դժոխքը, իսկ Ուկրաինական անվերջանալի բախումները զսպելու ոչ մէկ կերպ ու մտադրութիւն չկայ, եւ պարզ եւս չէ, թէ՛ ի վերջոյ ո՞վ է ում յաղթելու, առանց անդրադառնալու, որ միլիոնաւոր անմեղներ դարձել են թափառական, տնանկ, բայց անպակաս են սին մարդասիրական ելոյթները: Այս բոլորին կարելի է աւելացնել համընդհանուր արտագաղթը, երբ աղքատ երկրների բնակիչները ողողում են բարեկեցիկ բնակավայրեր եւ այդ վարակից զերծ չի մնում մեր նրբակազմ հայրենիքը, իսկ այդ չարիքի դէմ կայ միայն մի ելք՝ փրկութիւնը ներսից, քանի որ ներսից ենք փչացած, եւ դրան հասնելու համար երկար ճամփայ կայ անցնելիք, քանզի դեռ չունենք անհրաժեշտ ազգային մակարդակով իմաստուններ եւ չենք հասունացել, իսկ համերաշխ հասարակական մթնոլորտը անհաւասարակշիռ է, իմա՝ խախտուած: Աւա՜՜ղ, բայց ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ:
Անկախութիւնից ի վեր մեր երկիրը զգալի բարոյական անկումներ ապրեց քաղաքական, հոգեկան, կենցաղային, կրթութեան գործավարութեան եւ այլ ասպարէզներում, երբ դռները լայն բաց էին ամէն տեսակի թափթփուկների առջեւ, երբ թափանցեցին մեր տուն՝ սորոսական, մասոն, միասեռական, «տրանսգենդ» եւ տարբեր տեսակի աւելորդ անցանկալի աղբանոցային տարրեր ու աղանդներ, որոնց կարիքն ու պահանջը չունէինք, բայց նրանցից ոմանք առք ու փառքով տուն ու տեղ են արել երկրով մէկ եւ իրենց աւերիչ գործն են ծաւալում առանց մտահոգութեան, որ ըստ որոշ լուրերի՝ բացառուած չէ, որ հաստատ կապեր ունեն իշխանական՝ բարձր պաշտօնեաների հետ, մինչեւ իսկ նախարարական մակարդակով: Որքան անցանկալի ու անբարոյ լինի այս պատկերը՝ այն գոյութիւն ունի ամէուր, մանաւանդ արեւմուտքում, ո՛ւր դաւադրութեան հասնող երեւոյթները առկայ են կեղծ մարդասիրական պիտակի տակ՝ լայնօրէն ծառայում են իսլամ քարոզիչներին:
Քաղաքական բարոյականութեան տեսանկիւնից՝ խախտուած է հաւա-սարակշռութիւնը մեր երկրում՝ տեղ տալով տխմարութեանը: Կարելի՞ է բացատրել, երբ Պուտինի եկած օրը՝ Ալիեւը մարտական գումարտակներ էր կուտակել Սեւանի մօտակայքում, իսկ Երեւանում հակառուսական ցոյց են կազմակերպում ամերիկեան եւ ուկրաինական դրօշներով: Ո՞վ էր թելադրողը, պահանջողը, սատարողը: Չէ՞ որ, դեռ բազում խնդիրներ ունենք սեղանի վրայ, որ մեր միջոցներով գրեթէ անլուծելի են, իսկ արդի հակառուսական բարբաջանքները նկատելի են դարձել եւ կան պարզամիտներ, որ դեռ Վիլսոնի քարտէզով Հայաստան են երազում: Անհանգստացող եղա՞ւ:
Որքան որ ցաւալի լինի, համընդհանուր տգէտ միջավայր ունենք եւ առաւել ցաւալի է՝ որոշ բնագաւառներում, եթէ ինքնիշխանութեան, ոչ բացակայ, ապա անարդիւնաւէտ լինելը կայ, որի ցայտուն նմուշն է քոչի դատավարութիւնը, որ տարիներ ի վեր նախօրօք նշուած ատեանները տեղի չեն ունենում պարբերաբար՝ բացակայութեամբ ինչ որ մէկի կամ միւսի, եւ գործադիրները միջոց չեն գտնում ապահովել մեղադրեալների ներկայութիւնը: Գիտակից ենք, որ բոլոր ծուռ ու շիտակ երեւոյթները վարչապետի անձին կապելը սխալ է, միայն թէ անհնար է նողկանք չապրել դէպքերի նման անպատասխանատւութեան պարագային: Երանի ամէն պաշտօնեայ իր անելիքը, դերը ճանաչէր եւ հետեւէր նրանց անխափան կատարմանը:
Այն կարծիքի եմ, թէ մեր պետական սայլակի անիւներից մէկը առնւազն կաղ է, բայց անհանգստացող չկայ, մինչդեռ ամէնուրեք հաւասարակշռութիւն գտնելը անհրաժեշտ է: Սպասենք աւետաբեր արագիլի ժամանմանը:
25-11-22 Ռուբէն Յովակիմեան-Սեն Ռաֆայել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *