ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ «ԹԱՔՆԱԽՈՐՀՈՒՐԴ» ԿԱՊԵՐԻ ՈՐՈՆՈՒՄԸ

Posted on July. 29. 2023

Գրեց՝ Պետրոս Դեմիրճյան

Ծնունդով արցախցի, ԱՄՆ-ում բնակվող արձակագիր, մշակութային գործիչ Մարգարիտ Դերանցի անունը արդեն իսկ բավական ծանոթ է հայաստանյան ընթերցողին: Վերջին մի քանի տարիներին Երևանում լույս տեսած «Սեր և էմիգրացիա» /2017/, «Քրտնաձուկ» /2018/ պատմվածքների, վիպակների ժողովածուներից հետո, լույս է տեսել նաև գրողի նոր երկը՝ «Սեր լուսնեզրին» /Ե., «Անտարես» , 2021/ վեպը: Անմիջապես ասենք, որ գրքի վերնագիրը թեև սյուժետային հենքով հուշում է տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների գրավիչ պատմություն, սակայն իրականում՝ այդ ամենով հանդերձ, անհամեմատ ավելի բազմաբովանդակ պատկեր է ներկայացնում՝ մի շարք արդիական հարցադրումներով: Ասվածը հասկանալի է դառնում, երբ իմանում ենք, որ գրող-ստեղծագործող է ոչ միայն հեղինակը, այլև վեպի միջին-ծաղկուն տարիքի՝ քառասնամյա հերոսուհին՝ Մեգգի Սամուլյանը: Մի տարիք, երբ ի մի բերելով ու ծանրութեթև անելով ապրածն ու չապրածը, խորհող-վերլուծող-ստեղծագործող անհատը ոչ միայն իր, այլև ընթերցողի համար պարզում է ճշմարիտ ու արդարամիտ կյանքի և աշխարհի կերտմանը նպաստող հոգեբանական, սոցիալական, քաղաքական հանգամանքների ամբողջությունը՝ ենթադրյալ բոլոր նուրբ անցումներով:
Նախ՝ շատ կարևոր է պարզել, թե ո՞վ է վեպի գլխավոր հերոսը, որը և հենց ամբողջ պատումը վերհուշ-վերլուծությունների միջոցով ներկայացնողն է: Գրվածքը բացող «Երկու խոսք»-ում արդեն իսկ բացահայտվում է նրա խառնվածքի կարևոր գծերից մեկը՝ ասելիքի չկանխամտածված, պատումի օբյեկտիվ-ազատ հոսանքին տրվելու կամքի դրսևորումը. «Դեռ չգիտեմ, թե ինչ տեսք կունենա ապագա ստեղծագործությունս,- գրում է նա, – չգիտեմ, թե գրիչս ինչ կշարադրի հիշողությանս էջերին»: Որովհետև, ինչպես պարզվում է վեպի հետագա ընթացքում, Մեգգիի մեջ ի սկզբանե ուժեղ է եղել ենթագիտակցականի, գաղտնիքի, խորհրդավորի ընկալման և սպասման ազդեցությունը: Պատահական չէ, որ հորն ու տատիկին Ռուսաստանում թողնելով ԱՄՆ տեղափոխվելուց հետո, փողի սուր կարիքի պատճառով «La Regina» ռեստորանում մատուցողուհի աշխատելիս, շատ արագ մտերմանում է ոմն մեքսիկացի «գրող, նկարիչ, երաժիշտ, բիզնեսմեն» Վիկտոր Ալվարեսի հետ, որովհետև վերջինին ևս շահագրգռում է այն, որ իր «ամենասիրելի զբաղմունքը» գրելն է: Հենց այդ Վ. Ալվարեսն էլ խրախուսում է Մեգգիին դառ-նալու իր ղեկավարած «Ապագայի արվեստ» գրական-մշակութային ակում-բի անդամ: Որոշումը, սակայն, նա միանգամից չի ընդունում, քանի որ լսել էր, որ այդ «ակումբում հավաքվում են փախած, անապագա, տարիքն առած էմիգրանտ արվեստագետներ…»: Որոշումն ամրապնդվում է, երբ Ալվարեսը նվիրում է իր գիրքը, որի ընթերցումից հետո Մեգգին խոստովանում է, որ գիրքն «անբացատրելիորեն» գրավել է իրեն, քանզի «գրված էր բարդ, պատկերավոր երևակայությամբ, ազդեցիկ էր, մոգական բառերն ինձ պարուրում էին, ամբողջովին ներթափանցում ներսս»: Կարևոր ազդակներից էր նաև այն, որ Ալվարեսի՝ լուսնի խորհրդավոր պատկերով մի նկարը Մեգգիին հիշեցրել էր Ն. Ռերիխի «Երջանիկ կրակները» կտավը: Ռուս մեծ նկարչի դասական գործն առաջին անգամ նա տեսել էր տարիներ առաջ հոր հետ Մոսկվայի Արևելքի թանգարան այցելած ժամանակ. «Աղջնակ էի, այդպես էի տպավորված այդ նկարով…, – հիշում է նա, – Ինչ-որ ձգողակա-նություն, գաղտնիք կար հնդկական լեգենդը պատմող այդ նկարի մեջ»: Նույնիսկ համոզված էր, որ իր «էության մի մասնիկը կար այդ գաղտնիքի մեջ», որը դեռ պետք էր վերծանել: Համատեղ գործունեության և անձնական շփումների ընթացքում հերոսուհին աստիճանաբար զգում է, որ «անտես հոսանքներ» են ձևավորվում իրենց միջև, որ իրեն գայթակղում է Վիկտոր Ալվարեսի զննող, ձգողականությամբ օժտված, խորքային հայացքը. «Ենթագիտակցական սպասումների մեջ էի՝ առանց ինքս ինձ հաշիվ տալու: Սպասումն էր բնավորվել բջիջներիս մեջ», խոստովանում է նա՝ անկեղծանալով, որ նույնիսկ ամբողջովին կորցրել էր իր բուն էությունը՝ «դեռահասությունից արմատակալած բոլոր տաբուները», ինքն իր աչքին վերածվելով կատարյալ անծանոթ մեկի. «Ես չէի ճանաչում այդ կնոջը: Ո՞վ էր նա»: Սակայն տարօրինակն այն էր, որ հույզերի ու կրքերի այդ հրավառության մեջ մերթ ընդ մերթ գլուխ էր բարձրացնում նաև ինչ-որ սպասվելիք ձախորդության և տառապանքի նախազգացում: Ավելի ուշ՝ մտովի թերթելով իր կյանքի այդ շրջանի էջերը, Մեգգին պիտի գա այն համոզման, որ «Կանանց նախազգացումներն ուժեղ են, կանայք տեսնում են անտեսանելին»: Իսկ «անտեսանելին» այն էր, որ, ինչպես պարզվում է հետագայում, Վ. Ալվարեսը «լիովին վստահ էր իր դիվական հմայքին, որ վաղուց կառուցել էր ճակատագիրս՝ իր ուզած տարբերա-կով: Պարզապես ես էի անտեղյակ ու հիմար: Դեռ չգիտեի, թե ինչ աղետալի փորձությունների առջև եմ կանգնած»: Ավելին՝ «չգիտեի, որ կգա ժամանակ, երբ Վիկտոր Ալվարես շնագայլը կպղծի կյանքս»: Սա, թերևս, ճակատագրական այն կետն է, երբ գրող-հերոսուհու դիպուկ բնորոշմամբ՝ «Չի կարելի հասնել լուսնի եզրին, շուռ գալ ու ապրել նույն կյանքը»: Սյուժեի զարգացման ընթացքը՝ հերոսների փոխ-հարաբերությունների անկումներով ու վերելքներով, ի վերջո, հանգեցնում է նրան, որ Սերը նրա մեջ փոխվում է հիասթափության, ապա նաև Ցավի ու Ատելության: Բացահայտելով, որ Վիկտոր Ալվարեսը մինչ այդ նույնիսկ ամուսնացած է եղել, երկու զավակների հայր է, Մեգգին ստիպված էր դառնությամբ ու ցավով խոստովանել, որ ինքն «ընդամենը էժան խաղալիք» է եղել նրա համար:
Վեպում, սակայն, ամենից կարևորը հերոսների կենցաղային, կենսագրական, սիրային փոխհարաբերությունների պատմությունները չեն, այլ այն հետևությունները, որ անում է հեղինակը այդ ամենի ներքին վերլուծման արդյունքում: Ի վերջո, պարզվում է, որ Մոսկվայում ուսանող, 17-ամյա խոստումնալից նկարիչ եղբոր կացնահարվածով գազանային սպանությունը մերձմոսկովյան ազգային արգելավայրում, որը տարիներ շարունակ թաքցվել
էր Մեգգիից, հենց Վիկտոր Ալվարեսի հոր՝ Ռաուլի, ձեռքի գործն է: Հանգամանք, որն իր որոշակի նստվածքն էր թողել քրոջ հոգեբանության մեջ՝ ինչ-որ «գաղտնախորհուրդ առեղծվածի» զգացողությամբ: Անընդհատ նրա մեջ մխացող այն գիտակցությունը, թե «Ես չէի ծնվի, եթե եղբայրս ապրեր», հանգիստ չէր տալիս նրան՝ մի տեսակ, պահանջելով «պատասխան փնտրել»: Վիկտորը շարունակ ուղղորդում է Մեգգիին դեպի նկարչություն, վկայակոչելով նաև նրա հոր նկարիչ լինելը, բայց վերջինս համառում է՝ նախընտրելով գրականությունը, խոստովանելով, որ, այնուամենայնիվ, «նկարելը իմը չէ»: Որոշ ժամանակ անց միայն, աղջիկը հասկանում է Վիկտորի նման պահվածքի բուն նպատակը: Դրանում նրան օգնում է նաև ակումբի աշխատակցուհիներից մեկը՝ «իսպանախոս բանաստեղծուհին», բացատ-րելով, որ «Ալվարեսը խմբագրում է էմիգրանտ գրողների գործերը, որպեսզի նրանցից մտքեր քաղի: Լավ գրողներին խանգարում է, թույլերին՝ օգնում՝ նրանց դարձնելով ակումբի անդամներ ու անդամավճար մուծողներ»: Աստիճանաբար, Մեգգիի համար պարզվում են նաև սիրեցյալի նման պահվածքի ավելի լայն ու հեռահար ուղղությունները: Մանավանդ որ, նրա մոտեցումների մեջ նույնիսկ նոր իրականության պարտադրած հրամայականների հետքեր է տեսնում: Չէ՞ որ, ըստ էության, ճշմարտության հատիկներ կային Վիկտորի այն դատողություններում, թե ի տարբերություն 19-20-րդ դարերի գրողների, «21-րդ դարի տաղանդների բախտը չի բերել, քանի որ նրանք իրենց գրականության հետ լուծվում, անհետանում են տեղեկատվության, սոցիալական ցանցերի հորձանուտում: Քաղաքական ընտրություններում հաղթում են միջակությունները, մշակութային պարգևներում որոշիչ է դառնում նրանց կարծիքը: Եթե 21-րդ դարին պետք են տաղանդներ, ապա գիտնականներ, ճարտարապետներ, նախագծողներ, բայց ո՛չ գրողներ»: Ահա թե ինչու, խորհուրդ է տալիս Մեգգիին զբաղվել նույնիսկ ոչ թե գրականությամբ, այլ, ասենք, հաշվապահությամբ, ջահելություն անել, «հաճույքներ քաղել» կյանքից: Վերջապես, սակայն, Մեգգին ըմբռնում է, որ Ալվարեսի ամբողջ նպատակն իրեն «իր պես անպտուղ դարձնելն էր», որովհետև նա «գրական երկարատև ամլության մեջ էր»: Այս և այլ բացահայտումների արդյունքում, Մեգգիի մեջ տեղի են ունենում լրջագույն հեղաբեկումներ, որոնք, սակայն, այնքան էլ հանդարտ չէին ընթանում՝ կեղեքելով նրա նուրբ ու զգայուն հոգին: Աղջկա մեջ սկսում են պայքարել բանականությունն ու սիրտը՝ մեկը մղում է հեռանալ Վիկտորից ու նրա «Ապագայի արվեստ» ակումբից, բայց մյուսը՝ սիրտը, դեռ դիմադրում է՝ «Մի՞թե կունենամ սիրած տղամարդուն հեռացնելու ուժը»: Տարամերժ զգացողությունները նաև դատողական բանաձևում են ստանում. «Տղամարդը միտք է, կինը՝ սիրտ: Դաժան մի բան կա անսիրտ մտքի մեջ, և չի կարող արդարացված լինել մտազուրկ սիրտը»: Իսկ մինչ այդ Վիկտորն արդեն մտերմացել էր ակումբի մեկ այլ անդամի՝ երիտա-սարդ Կառա Կորտադոսի հետ, որ մի «պարզամիտ» աղջիկ էր ու “մեկ բառի մեջ չորս տառասխալ էր թույլ տալիս: Խելքով չէր փայլում, իսկ ապակե աչքերը մեռածի աչքերի պես էին”: Սակայն Վիկտորը կերպարանափոխել էր նրան՝ դարձնելով «հետաքրքիր արտաքինով ու փայլուն աչքերով երիտասարդ կին» , ուղղորդել դեպի նկարչություն և ֆեյսբուքյան կեղծ էջերով ինքնագովազդի հունը, քանզի՝ «Դատարկամիտ այս կինը տառապում էր փառասիրությամբ»: Նրա այդ թուլությունն էլ հենց վարպետորեն օգտագործում էր Վ. Ալվարեսը, այսինքն՝ «նկարչուհու կերպար էր կերտում ոչնչից»: Դա նրա համար այնքան էլ դժվար չէր, քանի որ «Victor Great-ը ֆեյսբուքյան հետևորդների մի ամբողջ բանակ ուներ, և նպաստում էր հասարակական կարծիք ձևավորելուն՝ մարդկանց մոլորեցնելով»: Դա, իհարկե, չէր վրիպել նրբանկատ Մեգգիի աչքից. «Հասցրել էի նկատել, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գաղջ մթնոլորտ են ստեղծում», խոստովանում է նա:
Այս պահից վեպի սյուժեն զարգանում է նաև սիրային եռանկյունու հայտնի օրենքներով: Վիկտորն իրենց հարաբերությունները նույնիսկ յուրատեսակ «խաղի» է վերածում՝ երկու կանանց բնորոշելով որպես «երկու չարիք»՝ «Կառան կարծես հեթանոս քրմուհի լինի, իսկ Մեգգին՝ քրիստոնյա սուրբ»: Առաջարկում է կռվել՝ «հետաքրքիր է՝ ո՞վ կհաղթի»: Կառան միշտ և ամեն ինչում համաձայն էր իր հետ, իսկ Մեգգին՝ ոչ: Եվ ահա, նրա համար հետաքրքիր էր, թե ո՞վ կլինի հաղթողը այդ հակամարտության մեջ՝ քրմուհի՞ն, թե միանձնուհին: Մեգգիի համբերության բաժակը, սակայն, լցվում է այն պահին, երբ պարզապես ֆիզիկական կռվից խույս տալուց հետո, Վիկտորը բացականչում է նրա հետևից՝ «Դուք, Սամուլյաններդ, միշտ էլ զոհեր եք, որովհետև պայքարել չգիտեք»: Դա արդեն անցնում էր բոլոր սահմանները՝ անձնականից մինչև տոհմական ու ազգային արժանապատվություն: Եվ Մեգգին ի պատասխան նետում է՝ «Սրիկա»: Բայց նաև մտորումների մեջ ընկնում… «ի՞նչ էր ուզում ասել Վիկտորը, ի՞նչ նկատի ուներ Սամուլյաններին անդրադառնալիս: Ազգությո՞ւնս էր ծաղրում, թե՞ անմտածված խոսք էր, որ դուրս թռավ պատահաբար: Իսկ գուցե ինձ համարում էր բազմադարյան ժողովրդիս աղետներից և սարսափներից ծնված մեկը, ով չէր ազատվել գեներով փոխանցվող վախից»: Նման վերաբերմունքը Մեգգիի մեջ ավելի է բորբոքում ազգային արմատների ու անանց արժեքների կրակը, և ճակատագրի բերմամբ հեռավոր Կալիֆորնիայում հայտնված հայուհու հոգում օտար անանուն լեռները վերակենդանացնում են հայրենի «ճերմակ հրափայլ գագաթով» Սրբազան լեռի պատկերը: «Իմ ներկան խորհրդավոր կերպով կապված էր անցյալիս հետ,- խոստովանում է Մեգգին: – Մղոնների հեռվից եկող այդ կանչից ազատվելն իմ ուժերից վեր էր: Ոչ ոք ու ոչ մի բան ի զորու չէր այն լռեցնել»: Նրա մեջ հզոր ուժով արթնանում են «մղոնների հեռվից ճառագող կանչերը», որոնք նա արդեն ոչ միայն «հասկանում է գիտակցությամբ», այլև «ճանաչում՝ ենթագիտակցության մեջ»: Նրա դատողություններն ու ինքնավերլուծություններն այլևս դուրս են գալիս անհատ հայուհու անձնական զգացողությունների ու ապրումների վիճակից՝ նվաճելով հոգեկան-ներաշխարհային ավելի բարձր կամ խոր մակարդակ: Մեգգին ներքին անթաքույց գոհունակությամբ արձանագրում է, թե «Ես դեռ չեմ կորցրել ինձ տարբերակող կոդը: Դրա մեջ կա զորություն և թշվառություն: Այս երկուսը հակադարձ են ու անհարիր, բայց բնակվում են մեկտեղ՝ արյանս մեջ հանգուցված»: Այդ ամենը նրան մղում է քննելու նաև աշխարհում ընթացող նոր իրողությունները, այն միջավայրը, ուր հայտնվել է հայ մարդը և, ի վերջո, իր՝ Մեգգի Սամուլյանի, տեղն ու դերը այդ միջավայրում: Եվ նրա զննումների ու վերլուծությունների տրամաբանությունը հանգեցնում է այն եզրակացության, որ «Այստեղ՝ Նահանգներում, իմ տեսակը կամա-ակամա խառնվում էր այլ տեսակների հետ: Այստեղ խառնվում են ազգեր, ռասաներ, ցեղեր: Այստեղ բոլորս մեկ ենք, նույնն ենք ու հավասար ենք: Խնդիրը դարաշրջանի մեջ է, քանզի դարաշրջանի շնչով են ձևավորում ստանդարտ մարդուն՝ ստանդարտ ճաշակով» /Ընդգծումը մերն է – Պ. Դ./: Իսկ ո՞րն էր այդ «ստանդարտ մարդը»՝ «…օրինապահ քաղաքացիներ, որոնք հետո դառ-նում են նույնաձև – նույնանման, և արդեն չկան անհատականություններ, տեսակներ, ռասաներ, չկա ազգային պատկանելություն: Կա պետություն և կան քաղաքացիներ: Այդքա՛նը»:
Մեգգիի ողջ ներքինը, սակայն, ընդվզում է աշխարհի ու մարդու, իրերի և իրողությունների նման դրվածքի դեմ: Կարծես նոր է միայն պարզում, որ իր ներաշխարհում «չգրված օրենքներ» կան. «Կար ամենակարևորը, ինձ դաստիարակել էր հայ տատիկս այնպես, որպեսզի անաղարտ ու մա-քուր պահեմ ինձ, մինչև հանդիպեմ միակ սիրուս՝ ապագա ամուսնուս»: Խոստովանում է, որ հենց այդ «չգրված օրենքն» էր պայմանը «պարզ ճակատով նայելու հորս ու տատիս աչքերին»: Ահա թե ինչու, նա չէր կարող համակերպվել Ալվարեսի նման խաբեբա, շահամոլ, նենգ մեկի հետ տևական կապի պահպանմանը, թեև սիրում էր անկեղծորեն ու ինքնամոռաց: Եվ, ի վերջո, որոշում է «փախչել ցավի աղբյուրից, որի անունը Վիկտոր Ալվարես էր»՝ վերջ տալով ներսում փոթորկվող պատրանքներին: Այդպիսի որոշմանը նպաստում է նաև ճշմարիտ մտավորականի, գրաղի, արվեստի, նկատմամբ իր ու Վ. Ալվարեսի /նաև ժամանակակից միջավայրի մարդկանց/ պատկերացումների ծայրահեղ անհամատեղելիությունը: «Բարոյազուրկ անձը, թեկուզ տաղանդավոր, իրավունք չունի մտավորական կոչվելու,- համոզված էր Մեգգին: – Արվեստի մեծագույն դերը լուսավորելն է, բայց եթե արվեստագետն աղտոտ է ներքուստ, նա ինչպե՞ս կարարի այն լույսը, որ բարձրացնում է մարդկանց առօրյա ճղճիմությունից»: Նրա համար չափազանց կարևորություն և արժեք ունի նաև մայրենի լեզուն, որ ազգային տեսակի պահպանման հզոր պայմաններից է: Ներքուստ ընդվզելով Ալվարեսի այն մտքի դեմ, ըստ որի հայերենն ընդհանրապես չի կարող հնարավորություն ընձեռել հաջողության հասնելու համար, քանի որ «քաղաքակիրթ աշխարհը խոսում, կարդում և մտածում է անգլերենով», Մեգգին առարկում է՝ «Հայերեն կարդում է նախ՝ իմ ժողովուրդը, իսկ աշխարհասփյուռ սփյուռքահայությունը մեծաքանակ բանակ է: Իմ ժողովրդի գրողներից շատերը հայտնի են աշխարհին՝ թարգմանված լինելու շնորհիվ»:
Վիկտորի և նրա բոլոր շրջապատի հետ կապերը խզելու Մեգգիի վերջնական որոշմանը «դրդում է» նաև հենց ինքը՝ Վ. Ալվարեսը՝ նրան մեղադրելով անբարոյականության մեջ: Հանդիմանելով «գեղանկարիչների ցուցահանդեսին մասնակցելու համար» հիվանդ հոր փոխարեն նրա նկարները ԱՄՆ բերած Մեգգիին՝ Ռուսաստան վերադառնալու «նախնական պայմանավորվածությունը» խախտելու մեջ, նա անտարբերությամբ նետում է սի-րած աղջկա երեսին. «Այնպես որ, դուք այն մարդը չեք, Մեգգի Սամուլյան, ով բարոյականությունից խոսելու իրավունք ունի»:
Իր հետ ամբողջ կատարվածը Մեգգիի մեջ ահագնանալով, ի վերջո, հասնում է մինչև քաղաքակրթության ապագայի նկատմամբ մեծագույն մտահոգության ու ահազանգի. «Աղետաբեր բարձունքներից գլորվող փոքրիկ ձնագնդերը աճում են քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ՝ հսկայա-ծավալ ձյունակույտեր դառնալով: Ահա այսպես աճում է մարդկության ապագային առնչվող սպառնալիքը»: Իսկ ո՞րն է, ըստ գրող-հերոսուհու, այդ սպառնալիքի դեմն առնելու միջոցը, հնարը: Հայրենիքի և մարդու ներքին «թաքնախորհուրդ» կապը՝ եզրակացնում է նա: Հիշողությամբ վերականգնելով իր մանկության շրջանի Հայաստանը՝ ցուրտ ու մութ տարիները, սոցիալական թշվառությունը, գործազրկությունը, որի պատճառով գիտնական պապը ստիպված էր եղել վաճառել իր համար այնքան նվիրական գրադարանը, իսկ նկարիչ հայրը «բնամթերքի դիմաց Պարսկաստանից բերված ապրանք էր վաճառում բացօթյա տոնավաճառում», Մեգգին չի կարողանում մեղադրել շատերին, որոնք «դարձան տարագիրներ: Դարձան դեգերող հոգիներ՝ սեփական մաշկից հեռանալով: Չվեցին օտար երկրներ, որ զրոյից շարադրեն իրենց կենսագրությունը»: Իհարկե, կային նաև նվիրյալներ, ինչպես հենց իր հորական պապը՝ պրոֆեսոր, ֆիզիկոս Արմեն Սամուլյանը, որ «անբացատրելի համառ» մարդ էր, որոնք «չուզեցին լքել ո՛չ իրենց երկիրը, ո՛չ քաղաքը, ո՛չ բնակարանը»: Այսինքն՝ մարդկանց որոշումներն ու վարքը տարբեր էին, բայց, ըստ Մեգգիի, կար մի բան, որ միավորում էր բոլորին՝ թե՛ ներսում և թե՛ դրսում. այն ճշմարտությունը, որ «Մարդը չի կարող երջանիկ լինել, երբ հիվանդ է հայրենիքը: Քսանմեկերորդ դարի մարդը համարվում է մոլորակի բնակիչ: Նա ծնվում է մի երկրում, մեծանում մեկ այլ երկրում, ապրում, ստեղծագործում է մեկ ուրիշում: Բայց, այնուհանդերձ, կա մի բան, որ գործում է՝ մնալով անկառավարելի, գործում է զգացական օրենքներով: Եվ չի հաղորդակցվում արյան ձայնով, չի կարող համարվել հողի կամ նախնիների կանչ: Թաքնախորհուրդ ու որոշիչ է մարդու կապն իր երկրի հետ: Այդ կապը խորհրդավոր է ու անբացատրելի: Դա մարդու էությունն է, նրա հոգու անբաժանելի մասնիկը, որ կորսվել է Այնտեղ…» /Ընդգծումը մերն է – Պ. Դ./: Վերջապես, կյանքի դաժան փորձությունների միջով անցած հերոսուհին ձևակերպում է մարդու երջանկության իր բանաձևը: Արձանագրելով, որ «Նահանգների գերագույն օրենքը» փողն է, իսկ «մարդը՝ ոչինչը: Շահն ու հարստանալու մոլուցքը իշխում են ընկերության, ընտանեկան փոխհասկացողության և խղճի օրենքների վրա՝ անչափ կարևոր հասկացություններ խեղելով», Մեգգին հուսահատ բացականչում է. «Ո՞ւր են սլանում մարդիկ առանց քուն ու հանգստի: Դոլարները լույսի արագությամբ սլանում են ազատուղով, դրանց հասնելը համարյա անհնար է, ապարդյուն վազք՝ մեծամասնության համար»: Եվ հետևում է գլխավոր միտք – եզրահանգում – խրատը կամ ճիչը. «Մա՛րդ արարած, տունդ ապարանք էլ սարքես, բանկային հա-շիվներդ էլ պայթեն միլիարդներից, միևնույն է, զուր է չարչարանքդ, արյունքրտինքով ստեղծածդ: Ի՛նչ էլ ստեղծես, ինչքան էլ ստեղծես՝ մեկ է: Չէ՞ որ տանդ մեջ սիրածդ տեղը ընդամենը փոքրիկ անկյունդ է՝ հարմար բազկաթոռով»: Ըստ էության, սա նաև ներքին կոչ է սրբորեն պահպանելու ազգային-քրիստոնեական արժեքներն ու հավատը, որ մեծերից սերունդներին են փոխանցվել դարեր շարունակ՝ մնալով միշտ արդիական: Այս իմաստով կարևոր ուղերձներ են պարունակում վեպի այն էջերը, որոնցում Մեգգին հիշողության մեջ վերարթնացնում է իր տատի ու հոր՝ Աստծու և կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, ընկալումը: Տատի համար, օրինակ, «Քրիստոս անունը ամեն ինչ էր, Նա էր Անփոխարինելին»: Տիրոջ շուրջն էին համախմբվում, միավորվում իրենց տան բոլոր անդամները, «Նրա շուրջն էին պտտվում Հայաստանն ու ամբողջ երկիրը»: Հոր սրտի մեջ էլ հավատ կար, բայց փոքր-ինչ այլ դրսևորումներով: Նա ավելի հանդուրժող էր, «հետաքրքիր փիլիսոփայություն ուներ» , ըստ որի «յուրաքանչյուր մարդ հավատալու իր իրավունքն ունի՝ ըստ սեփական փորձառության, մտքերի, զգացմունքների»: Եկեղեցուն էլ դեմ չէր հայրը, համոզված, որ «այն միավորում է մարդկանց՝ ամեն ինչ հսկողության, կարգ ու կանոնի մեջ պահելով»:
Վեպն ունի սյուժետային տարբեր ծալքեր, ուղղություններ, փոխներթափանցումներ՝ յուրովի մեկնաբանություններով, որոնք ընթերցողի համար գրավիչ են դարձնում պատումը, երբեմն նաև աֆորիստիկ ձևակերպումներ ստանալով՝ «Մեր ուղեղը հակադրվում է հիշողությանը, որպեսզի ապրենք», «Դավաճանությունն է մարդու մեծագույն պարտություններից մեկը», «Սեր և ցավ. դրանք այնքա՜ ն նման են», «Մեր ես-ը կազմավորվում է ամենախոր ապրված զգացմունքներով: Հաճախ՝ հենց դրանք են մեր շղթաները»:
Հեղինակի լեզուն սահուն է ու պատկերավոր. օրինակ՝ «Քար լռություն: Կոպերս ծանր մետաղե դարպասներ են, որ չեն փակվում», «Աղաջուրը մանկան արցունքի պես պիտի լինի», որովհետև «մեծերի արցունքը երկար ապրելուց ավելի աղի էր», լուսինը՝ «երնքի աչքը»…
Մասնավորից դեպի ընդհանուրը, անձնականից դեպի համազգայինն ու համամարդկայինը ձգվող զարգացման տրամաբանությամբ Մարգարիտ Դերանցին հաջողվում է քայլ առ քայլ առաջ տանել մարդու ներաշխարհային «թաքնախորհուրդ» կապերի իր զննումները՝ նման շահագրգիռ ձգտումներ բորբոքելով նաև ընթերցողների հոգիներում:
Պետրոս Դեմիրճյան
Բանասիրական Գիտությունների Դոկտոր
Հայաստանի Գրողների Միության Վարչության Քարտուղար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *